Արմեն Բաբալարյան. Բրոնզե մեդալակիրները կարող էին պայքարել նաեւ եզրափակչում

15:11 - 04 Հուլ, 2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձել է Դորտմունդից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդհանուր արդյունքը բավարար է համարում: Նրա խոսքով բրոնզե մեդալակիրներ Հրաչյա Պողոսյանն ու Մալխաս Ամոյանը կարող էին շատ լավ գոտեմարտել նաեւ եզրափակչում.

«Գոհ եմ մեր երկու բրոնզե մեդալակիրներից` Մալխաս Ամոյանից (74 կգ) ու Հրաչյա Պողոսյանից (60 կգ): Նրանք կարող էին պայքարել նաեւ ոսկու համար:

Ամոյանը մրցակիցների համեմատ քաշով ավելի թեթեւ էր, դա զգացվեց գոտեմարտերում: Մալխասը մեծ ապագա ունի:

Պողոսյանը քառորդ եզրափակչում վնասվածք էր ստացել, ինչը խանգարեց լիարժեք դրսեւորել ուժերը: Ադրբեջանցի ըմբիշը երկու տեղից դուրս էր գցել Հրաչյայի միջնամատը, բայց նա հաղթեց այդ գոտեմարտում: Մեծ կամքի շնորհիվ Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց:

Դավիթ Օվասապյանը (120 կգ) ի վիճակի էր նույնիսկ եզրափակչում հասնել, բայց հուզմունքը խանգարեց: Միջազգային փորձի պակաս ունի: Աշոտ Մխիթարյանը (50 կգ) 5-րդ տեղը զբաղեցրեց: Նա հանդես եկավ իր հնարավորության սահմանում: Մնացած ըմբիշներից դժգոհ եմ»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

Մարզիչը նշեց, որ ի տարբերություն երիտասարդ ազատ ոճայինների` իրենց դեպքում մրցավարական կոպիտ վրիպումներ չեն եղել:

«Միայն Հրաչյա Պողոսյանի գոտեմարտում մրցավարը պետք է մեր ըմբիշին երկու միավոր տար, իսկ ադրբեջանցուն` նկատողություն: Մրցավարին հարցրի` ինչու մեզ միավոր չտվեց, նա էլ` թե չի նկատել այդ դրվագը»:

Երիտասարդ ըմբիշները շուտով կսկսեն պատրաստվել աշխարհի առաջնությանը:

Այլ նորություններ