Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

15:39 - 21 Հուլ, 2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆասելին:

Հրաչյա Ռոստոմյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության համար.

«Խորհրդային տարիներին հոկեյն ամենասիրված մարզաձեւերից էր նաեւ հայերիս համար, բայց  ԽՍՀՄ  փլուզումից հետո ամեն ինչ փոխվեց: Սակայն, լինելով ամենադիտարժան մարզաձեւերից մեկն աշխարհում, հոկեյն աստիճանաբար վերականգնում է դիրքերը մեր երկրում: Հայաստանի հոկեյի ֆեդերացիան այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարում»,-ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Ռենե Ֆասելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար.

«Որքան կարողացել եմ ճանաչել, հայ ժողովուրդը խելացի է եւ աշխատասեր: Սրանք կարեւոր որակներ են բարձրագույն սպորտում հաջողությունների հասնելու համար»,- նշել է Ռ. Ֆասելը: Նրա խոսքերով, հոկեյի մասսայականացմանը և զարգացմանը կարող է նպաստել մեր երկրում միջազգային մրցաշարերի կազմակերպումը:

Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ 2010 թվականի աշխարհի առաջնության «C» խմբի մրցաշարը կայացել է Երևանում, ինչը զարմացրել է հյուրին:

Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է նաեւ,  որ չնայած մեր երկրում խաղային մարզաձեւերը համեմատաբար դանդաղ են զարգանում, սպորտի պետական կառույցը եւ ՀԱՕԿ-ն անում են ամեն ինչ, այդ գործընթացն արագացնելու համար.

«Այդ քայլերից են նաև հանդիպումները մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ, միջազգային փորձի ուսումնասիրումը և այդ փորձի կիրառումը մեր երկրում»,- ասել է նա:

Այլ նորություններ