Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների առաջնությունն առաջին անգամ կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով: Այս մասին ՀԲՖ մամուլի քարտուղարությանը հայտնել է ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը.
«Հոկտեմբերից նախատեսվում է անցկացնել Հայաստանի մինչև 16 տարեկանների կանոնավոր առաջնություն, որին կմասնակցեն 12 թիմեր Երեւանից ու մարզերից: Ներկայումս տարվում են աշխատանքներ, որ առաջնությունն անցկացվի բարձր մակարդակով: Հաջորդ շաբաթ կհրապարակենք մասնակիցների վերջնական ցանկը: 12 թիմեր երկու շրջանով շուրջ 7 ամիս կպայքարեն չեմպիոնի կոչման համար՝ խաղալով տուն-դուրս տարբերակով: Այս մրցակարգը թույլ կտա, որ պատանիները ողջ տարին խաղային պրակտիկա ունենան և առաջընթաց գրանցեն:
Առաջնության բոլոր ծախսերը հոգալու է բասկետբոլի ֆեդերացիան՝ իր գործընկերների հետ միասին: Բավական ծախսատար առաջնություն է լինելու, սակայն միայն այս կերպ է հնարավոր զարգացնել տեղական բասկետբոլը:
Խաղերի քանակն ավելացնելու ենք նաեւ մինչեւ 14 տարեկանների առաջնությունում: Սկզբում անցկացվելու է Երեւանի առաջնություն, որտեղ առաջին վեց հորիզոնականները գրաված թիմերը դուրս կգան Հայաստանի առաջնություն և կիմանան մարզային վեց թիմերի: 12 թիմեր տարվա մեջ երկու անգամ կհավաքվեն Երեւանում և երկու շրջանով կպայքարեն մեդալների համար:
Այս առաջնության անցկացմանն աջակցելու է նաև ՖԻԲԱ-Եվրոպան:
Ներկայումս մշակում ենք տարբերակներ նաեւ մյուս տարիքային խմբերի համար: Շուտով պարզ կդառնա նաև մեծահասակների առաջնության մրցակարգը և մասնակիցների քանակը»,- ասել է Վահագն Հարությունյանը: