Գայանե Ներսիսյան. Մենք շատ լավ մարզուհիներ ունենք

17:30 - 08 Սեպ, 2017

Վերջերս Իտալիայի Պեզարո քաղաքում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 35-րդ առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը մեկնաբանում է մեր մարզուհիների ելույթները եւ պատմում հանրապետությունում այս մարզաձեւում տիրող իրավիճակի մասին:

- Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Յասմինա Աղագուլյանը եւ Էլլա Աստվածատրյանը: Երկուսն էլ ծնվել են 2001 թվականին եւ այս տարի առաջին անգամ են իրավունք ստացել հանդես գալու մեծահասակների աշխարհի առաջնությունում: Նրանք ապրում եւ մարզվում են Ռուսաստանի Դաշնությունում: Էլլան՝ Մոսկվայում, իսկ Յասմինան՝ Նիժնի Նովգորոդում, մարզիչ Նատալյա Տիշինայի մոտ, որը մի քանի օլիմպիական չեմպիոնուհիներ է դաստիարակել:

Աղջիկների ելույթներից շատ գոհ եմ: Օղակով մրցաձեւի առաջին վարժությունում Յասմինան 15.05 միավոր ստացավ, բայց մրցավարները սառնասրտորեն հանեցին 0.6 միավորը արտիստիզմի համար: Դա «վերեւների» կարգադրությամբ է արվել, ինչ-որ մեկը վատ է զգացել մեր նվաճումից: Արդյունքում Աղագուլյանը զբաղեցրեց 21-րդ տեղը, իսկ կարող էր 14-րդը լինել, ինչն աղմկահարույց արդյունք կլիներ, հաշվի առնելով մրցակցության մակարդակը: Ընդհանուր հաշվարկով Յասմինան դարձավ 36-րդը: Աստվածատրյանը ելույթ ունեցավ ավելի համեստ, բայց հնարավորությունների սահմաններում:

Այս տարի Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Աղագուլյանը չորս մրցաձեւերի հաշվարկով զբաղեցրեց 23-րդ տեղը: Լավագույն 24 մարզուհիների ցանկում հայտնվելը թույլ կտա Յասմինային հաջորդ տարի արդեն վարկանիշով հանդես գալ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Դուք վատ մրցավարությունից խոսեցիք: Իսկ մենք ունե՞նք միջազգային կարգի մրցավարներ:

- Այո, չորսն ենք: Ինձանից բացի, Ասյա Սիմոնյանը Գյումրիից, ինչպես նաեւ Լիլիթ Հարությունյանը (Մոսկվա) եւ Աննա Սվիրինան (Նիժնի Նովգորոդ): Վերջին երկուսը ոչ վաղ անցյալում Հայաստանը հաջող կերպով ներկայացրել են միջազգային հարթակում: Իմիջիայլոց, Սվիրինայի մայրը հայուհի է:

Բոլորս այս տարի համապատասխան քննություն ենք հանձնել եւ այժմ իրավունք ունենք սպասարկելու Եվրոպայի, աշխարհի առաջնություններ ու օլիմպիական խաղեր: Շատ կարեւոր է, որ մենք երիտասարդ մրցավարներ ունենք, քանի որ 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում պետք է աշխատեն մինչեւ 30 տարեկան մրցավարներ:

Հիմա մեզ լուրջ խնդիր է սպասվում: Այս տարի Բաքվի համաժողովում կկայանան Եվրոպական մարմնամարզության միության ղեկավարի ընտրությունները: Մեծ հավանականությամբ ադրբեջանցի կընտրվի: Դա ոչ մի լավ բան չի խոստանում մեզ: Պեզարոյում դա արդեն զգացել ենք: 2019 թվականի աշխարհի առաջնությունը, որը նաեւ 2020 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է, կանցկացվի Բաքվում:

Մենք միջազգային մակարդակով բարձրացրել ենք այդ հարցը, խոստացել են ապահովել մեր անվտանգությունը, բայց որքանո՞վ է դա իրական: Անգամ եթե մեկնենք, կարելի է պատկերացնել, թե ինչ կանեն մրցավարները:

Պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու հույս ունե՞ք:

- Այո, մենք լավ մարզուհի ունենք՝ 2003 թվականին ծնված Յուլյա Վոդոպյանովան: Նա եւս Նիժնի Նովգորոդում է մարզվում եւ իրոք ընդունակ է օլիմպիական վարկանիշ նվաճելու:

Յուլյան այս տարի Ուզբեկստանում կայացած երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության փուլում մի քանի մրցանակային տեղեր է զբաղեցրել: Բուենոս Այրես-2018-ի վարկանիշային մրցաշարը կանցկացվի Մոսկվայում եւ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք:

- Ինչպե՞ս են գործերը տեղի կադրերի հետ:

- Հայաստանում եւս լավ մարզուհիներ կան: Ընդհանուր առմամբ հանրապետությունում գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվում է մոտ 1000 աղջիկ Երեւանում, Գյումրիում, Քաջարանում, Կապանում: Մենք մարզիչների համար սեմինարներ ենք անցկացնում, հրավիրում արտասահմանցի մասնագետների: Այս տարի հանրապետության բաց առաջնություն անցկացրինք, որին մասնակցեցին մարմնամարզուհիներ ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից, ինչի արդյունքում առաջնությունն ավելի հետաքրքրիր եւ դիտարժան դարձավ: Հանդես եկավ Էլլա Աստվածատրյանը, իսկ Յասմինային Եվրոպայի առաջնությունից հետո թողեցինք մի փոքր հանգստանա: Տեղի մարմնամարզուհիներն աշխատեցին իրենց լավագույն կերպով դրսեւորել, իսկ մրցակցությունը բոլորին է օգուտ:

2015 թ. մենք տեղի հինգ մարմնամարզուհիներից բաղկացած երիտասարդական թիմ կազմեցինք խմբային վարժությունների համար եւ Մինսկում հանդես եկանք Եվրոպայի առաջնությունում: Բյուջեն մեծ չէ, ստիպված ենք լինում ինչ-որ ձեւով ինքներս գլուխ հանել: Ֆինանսավորումն այս տարի մի փոքր ավելացել է, ինչի համար շնորհակալ ենք երկրի մարզական ղեկավարությանը:

Մարզվելու պայմանները բավարարու՞մ են ձեզ:

- Ամենակարեւոր խնդիրը կապված է մարզադահլիճի հետ: Այն բանից հետո, ինչ մեզ հանեցին հավաքական թիմերի հանրապետական կենտրոնից, հիմա ստիպված վարձակալում ենք խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատը: Այստեղ առաստաղները համապատասխան բարձրություն ունեն:

Մենք շատ երախտապարտ կլինենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, եթե Օլիմպավանում մարզումների համար մեզ մի քանի ժամ հատկացվի: Այնտեղ կան բոլոր պայմանները, մենք անգամ կարող ենք միջազգային մրցաշար եւ հավաքներ անցկացնել: Շատերը հաճույքով Հայաստան կգային:

Այլ նորություններ