Հակոբ Սերոբյան. Պատանիները 2018 թ. օլիմպիական խաղերի ուղեգիր կարող են ձեռք բերել միայն Բաքվի մրցաշարում

16:50 - 29 Օգո, 2017

2018 թվականին Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու համար մարմնամարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք որակավորման մրցաշարին: Այս մասին հայտնի է դարձել վերջերս: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ զրույցում խոսեց հնարավոր մասնակցության մասին.

«Սովորաբար, պատանիներն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճում են Եվրոպայի առաջնությունում: Սակայն, հաջորդ տարի պատանիների աշխարհամասի առաջնությունը նախատեսված է օգոստոսին: Չնայած, նախորդ տարիներին այն միշտ անցկացվել է գարնան ամիսներին: Հաջորդ տարվա ծրագրում ավելացվել է առանձին որակավորման մրցաշար, որն անցկացվելու է Բաքվում: Սա ցավալի նորություն է մեզ համար: Այդ մրցաշարը միակն է լինելու օլիմպիականն խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար: Մենք պատրաստ ենք մեկնել Բաքու, միայն, եթե մեր անվտանգությունը երաշխավորեն: Մենք երեք հրաշալի պատանի ունենք, որոնցից մեկը 99 տոկոսով կարող է վարկանիշ նվաճել:

Այս տարի ես Բաքվում մասնակցելու եմ կոնգրեսի, որի ընթացքում ընտրելու ենք Եվրոպայի ֆեդերացիայի նախագահին: Թեկնածուներից մեկն ադրբեջանցի է: Կոնգրեսի ընթացքում ես բարձրացնելու եմ մեր անվտանգության հարցը: Հակառակ դեպքում պետք է ամեն ինչ անենք, որ մեզ օլիմպիական խաղերի վարկանիշ ընձեռեն: Բոլորը գիտեն եւ ասում են, որ մեր տղաները կարող են այն ձեռք բերել»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան 2018 թ. հոկտեմբերի 6-18-ը:

Այլ նորություններ