Վարդան Ղահրամանյան. Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո կկայանա օլիմպիական վարկանիշային մրցաշարը

22:30 - 16 Սեպ, 2017

Այսօր «Դինամո» մարզական հասարակական ընկերությունում անցկացվեց թաեքվոնդոյի երիտասարդների (Մ 17) Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 44 մարզիկ Երեւանից, Արցախից եւ հանրապետության գրեթե բոլոր մարզերից:

Թաեքվոնդոյիստները, երկու ծանր քաշերում մարզիկների բացակայության պատճառով, տասը քաշային կարգից միայն ութում պայքարեցին մեդալի համար:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ առաջնության արդյունքներով կձեւավորվի երկրի հավաքականը, որը նոյեմբերի 1-ից 6-ը Կիպրոսում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, իսկ մինչ այդ հավաքականը Խարկովում ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Հայաստանի չեմպիոններ դարձան. Վահե Եղիազարյան (45 կգ, Հրազդան), Լեւոն Գասպարյան (48 կգ, Երեւան), Բաբկեն Սարգսյան (51 կգ, Արցախ), Սուրեն Այդինյան (55 կգ, Երեւան), Ռոման Հայրապետով (59 կգ, Երեւան), Ալբերտ Հովհաննիսյան (63 կգ, Երեւան), Անդրանիկ Խաչատրյան (68 կգ, Երեւան), Անդրանիկ Եդիգարյան (73 կգ, Էջմիածին):

«Կիպրոս կմեկնեն 4-5 քաշային կարգերի այն ներկայացուցիչները, որոնք կկարողանան արժանիորեն հանդես գալ միջազգային ասպարեզում: Հաջորդ տարի կկայանա այդ տարիքային խմբի (Մ 17) աշխարհի առաջնությունը (վայրը դեռ հայտնի չէ), որտեղ հանդես կգան այդ ժամանակահատվածի լավագույն մարզիկները, անկախ այս տարվա արդյունքներից: Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո, հենց այնտեղ էլ կկայանա 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը, որտեղ մեր թաեքվոնդոյիստները կպայքարեն երեք օլիմպիական ուղեգրի համար»,-ասաց Վարդան Ղահրամանյանը:

Այլ նորություններ