Կայացավ ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը

18:14 - 17 Սեպ, 2017

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) կայացավ ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո Ճապոնիայից Երեւան ժամանած կարատեի վարպետ Մասարու Կուսանոն, ձյուդոյի մասնագետներ Յուշիհարու Մակիշին եւ Հիրոշի Իզումին հանդես եկան ցուցադրական ելույթներով։ Փառատոնի շրջանակներում նրանք վարպետության դասեր են անցկացրել հայ մարզիչների հետ։

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը կարեւորում է նման միջոցառումների անցկացումը.

«Մեզ համար սա լավ հնարավորություն է եւս մեկ անգամ քարոզել ձյուդո մարզաձեւը։ Օգտվելով առիթից, մենք կազմակերպեցինք սեմինար-պարապմունքներ, որոնք բավականին արդյունավետ էին։ Վարպետները հետեւեցին մեր պատանի ձյուդոիստների ելույթներին։ Ճապոնացի մասնագետները հաճելիորեն զարմացած էին՝ Հայաստանում ձյուդոն նրանց սպասածից ավելի բարձր մակարդակի է։ Կարծում եմ՝ վարպետների հետ շփումը հայ մարզիկների եւ մարզիչների վրա նաեւ հոգեբանորեն է դրական ազդել»,-ասաց Դավիթ Խիթարյանը։

Ցուցադրական ելույթներ ունեցան նաեւ ճապոնական մարտարվեստների հայ մարզիկները։ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ երկրորդ անգամ անընդմեջ անցկացվող փառատոնի դրական կողմերն արդեն նկատելի են.

«Հայաստանում կարատեի տարբեր ճյուղեր միավորվել են մեկ ֆեդերացիայի շուրջ։ Շատ կարեւոր է, որ այժմ անցկացվում է մեկ միասնական Հայաստանի առաջնություն։ Ինչպես հայտնի է, այս մարզաձեւը ներառվել է օլիմպիական խաղերի ծրագրում եւ մեր կարատեիստները պատրաստվում են ձեռք բերել Տոկիո-2020-ի ուղեգրեր։ Այս փառատոնը եւս մեկ անգամ փաստում է հայ-ճապոնական սերտ հարաբերությունները նաեւ սպորտային ոլորտում»,- նշեց Գաբրիել Ղազարյանը։

Միջոցառումն անցկացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:

«Բուդո» փատատոնն այս անգամ նվիրված էր Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Այլ նորություններ