Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան նոր գլխավոր քարտուղար ունի

14:39 - 18 Հոկ, 2017

Այսօր կայացած ֆեդերացիայի ընդլայնված նիստում Դավիթ Խիթարյանն իր դիմումի համաձայն ազատվեց գլխավոր քարտուղարի պարտականություններից: Որոշվեց, որ այդ պաշտոնում կղեկավարի Թաթուլ Հովհաննիսյանը:

Մեկ այլ որոշմամբ պատանիների հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանն ազատվեց պաշտոնից: Պատանեկան եւ երիտասարդական հավաքականները միաժամանակ կգլխավորի Հովհաննես Դավթյանը:

Նիստում խոսվեց նաեւ այն մարզիկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք ձյուդոյի աշխարհի ու եվրոպայի առաջնության, միջազգային մրցաշարերին ընդառաջ կամ այդ ընթացքում մասնակցում են այլ մարզաձեւերի առաջնություններին.

«Հավաքականի առաջին համարները, լինելով գլխավոր թիմի ճամբարում՝ ուսումնամարզական հավաքում, մեր գլխավոր ստուգատեսերից ժամանակ կամ դրանից օրեր առաջ չպետք է մասնակցեն այլ մարզաձեւերի առաջնություններին: Այլ հարց է, որ նրանք ազատ ժամանակահատված ունենան, այդ մասին տեղեկացնեն մեզ եւ ստանան ֆեդերացիայի համաձայնությունը»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:

Նիստում քննարկվեցին նաեւ կարգապահական հարցերը, մրցավարական խնդիրները եւ այդ բացերը լրացնելու միջոցները եւ ուղիները:

Վետերանների առաջարկով, որոշվեց անցկացնել ԽՍՀՄ չեմպիոն Հարություն Հարությունյանի անվան հուշամրցաշար:

Այլ նորություններ