Շանթ Խաչատրյան. Վստահ եմ՝ հաջորդ մեդալս ոսկի է լինելու

13:45 - 20 Օգո, 2019

Տալինում ավարտված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց մեդալի և անցկացրած գոտեմարտերի մասին.

«Արդյունքն ավելի գոհացուցիչ կլիներ, եթե ոսկե մեդալ լիներ. ես գնացել էի ոսկու հետևից, բայց արծաթն էլ վատ մեդալ չէ, հիմա ստացել ենք այն, ինչին որ արժանի էինք: Եթե արժանի լինեինք ոսկուն, ոսկին կլիներ։ Սպորտային բախտն էր, թե ինչ-որ տեղ սխալ արեցի կամ հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը լրիվ չէինք նայել, բայց արդյունքը սա է։ Իսկ ընդհանուր առմամբ մրցաշարից գոհ եմ, կան սխալներ, որոնք պետք է շտկվեն։ Հույս ունեմ և վստահ եմ, որ մյուս անգամ ոսկե մեդալով եմ հետ վերադառնալու»։

Մինչև եզրափակիչը Շանթը առանձնացրեց Թուրքիայի ներկայացուցիչ Սամեթ Բաշարի հետ գոտեմարտը.

«Թուրք ըմբիշի հետ գոտեմարտում սկզբից պարտվում էի, հետո, ճնշելով նրան, ժամանակից շուտ կարողացա կամային հաղթանակ տանել»:

Չնայած մեծ ցանկությանը , որ ընկերը չեմպիոն դառնա (խոսքը Սահակ Հովհաննիսյանի մասին է), նրա պարտությունը Շանթին չէր ընկճել եզրափակչից առաջ.

«Ես շատ էի ուզում, որ Սահակը դառնար չեմպիոն, բայց չհուսահատվեցի նրա պարտությունից. սպորտ է, ամեն ինչ էլ պատահում է։ Ուղղակի եզրափակչումս տակտիկական սխալներ եղան իմ կողմից, բայց կշտկենք, շատ կմարզվենք, որ մյուս անգամ ոսկով վերադառնամ»,-խոսքը ավարտեց նա։

Այլ նորություններ