Վաղինակ Գալուստյան. Ցանկանում ենք՝ մեր ազգային կոխ ըմբշամարտը Հայաստանում եւ աշխարհում մեծ տարածում ունենա

10:15 - 26 Հոկ, 2017

Հոկտեմբերի 27-29-ը Վանաձորում կկայանա կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Կոխ ըմբշամարտը հայկական ազգային մարզաձեւ է եւ հիմք է հանդիսացել մենապայքարային այլ մարզաձեւերի զարգացման համար: Ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջնության մանրամասների, հայկական կոխ ըմբշամարտի զարգացման ու նպատակների մասին.

Նրա խոսքով, շատ լուրջ պատրաստվել են հանրապետության առաջնությանը: Երկար դադարից հետո, նման մակարդակով կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնություն անցկացնում են առաջին անգամ:

- Ինչո՞վ է հայկական կոխ ըմբշամարտը տարբերվում ըմբշամարտի մյուս ոճերից:

- Հայկական կոխ ըմբշամարտը կանոններով շատ նման է ազատ ոճի ըմբշամարտին, ձյուդոյին եւ սամբոյին: Մրցման ժամանակահատվածը հինգ րոպե է: Մեր գոտեմարտերը սկսվում են ազգային երգ ու պարով:

- Քանի՞ մարզիկ է Հայաստանում զբաղվում կոխ ըմբշամարտով:

- Առայժմ միայն կոխ ըմբշամարտով զբաղվող մարզիկներ չունենք: Մեր ֆեդերացիան պայմանավորվածություն ունի, եւ ըմբշամարտի, սամբոյի ու ձյուդոյի մարզադպրոցներում շաբաթական երկու անգամ ուսուցանում են կոխ ըմբշամարտ: Հենց այս մարզաձեւերի ներկայացուցիչները կմրցեն Հայաստանի առաջնությունում:

- Քանի՞ քաշային կարգերում են մրցելու մարզիկները:

- Մեծահասակների Հայաստանի առաջնությունը կանցկացնենք ութ քաշային կարգում: Նախատեսում ենք, որ կմասնակցեն շուրջ 100 մարզիկներ:

- Ի՞նչ մարզահագուստով են հանդես գալու կոխ ըմբիշները:

- Նախկինում գոտեմարտել են ազգային տարազներով: Մենք փորձել ենք մի փոքր ժամանակակից տեսք տալ մարզահագուստին՝ պահպանելով ազգային տարրերը:

- Ի՞նչ նպատակներ ունի ֆեդերացիան:

- Ցանկանում ենք, որ կոխ ըմբշամարտը Հայաստանում մեծ տարածում գտնի, ունենանք բուն այս մարզաձեւի խմբեր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտի պետական կառույցին, ՀԱՕԿ-ին: Հայկական կոխ ըմբշամարտի զարգացման ծրագիրը ներառված է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տարեկան միջոցառումներում: Եվ քանի որ, կոխ ըմբշամարտը ազգային արժեք է ու մշակույթ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես մեծ ուշադրություն է ցույց տալիս եւ աջակցել է այս առաջնության կազմակերպմանը:

Առաջնության արդյունքներով կձեւավորենք ազգային հավաքականը, որը հետագայում կմասնակցի միջազգային մրցաշարերի: Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ազգային մարզաձեւերի ֆեդերացիա ունի: Դրա նպատակն է՝ բոլորին համախմբել մեկ տանիքի ներքո եւ անցկացնել  ազգային մարզաձեւերի աշխարհի առաջնություն:

Մենք նպատակ ունենք հասնել այն մակարդակին, որ կարողանանք անցկացնել նաեւ հայկական կոխ ըմբշամարտի աշխարհի առաջնություն:

 

Այլ նորություններ