ՄՕԿ –ի 44 –րդ վեհաժողովում, նախագահի ընտրությունում, բացարձակ մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց 41 –ամյա Քիրստի Քովենտրին / Զիմբաբվե /: Նա գերազանցեց մյուս վեց թեկնածուներին և 130 –ամյա ՄՕԿ –ի պատմության մեջ դարձավ առաջին կին ղեկավարը, որը թվով տասներորդն է:
Քովենտրին ոչ միայն առաջին կին ղեկավարն է, այլ նաև առաջին աֆրիկացի և ամենաերիտասարդ նախագահը՝ Պիեռ դե Կուբերտենից հետո: Մինչ այժմ ՄՕԿ-ի բոլոր ղեկավարները եվրոպացի են եղել, բացառությամբ՝ ամերիկացի Էյվերի Բրունդիջի։
Նորընտիր նախագահը լողորդուհի է և Աֆրիկա աշխարհամասից օլիմպիական խաղերի ամենաշատ՝ յոթակի մեդալակիրը. կրկնակի չեմպիոն (2004թ., 2008թ.), եռակի փոխչեմպիոն և մեկ բրոնզե պարգև: Եղել է նաև աշխարհի եռակի ոսկե դափնեկիր:
2018թ. Զիմբաբվեի սպորտի, հանգստի, արվեստի և մշակույթի նախարարն է, 2023թ. ՄՕԿ-ի գործկոմի անդամ և մարզիկների հանձնաժողովի նախագահը։
Քովենտրին ՄՕԿ –ի նախագահի ղեկը պաշտոնապես կստանձնի առաջիկա հունիսի 23-ին:
Ընտրվելուց հետո տիկին նախագահը մասնավորապես ասել է, որ իննամյա հասակում է լողավազան ոտք դրել ու չի պատկերացրել, որ երբևիցե մի օր կդառնա համաշխարհային սպորտի ամենահեղինակավոր կազմակերպության ղեկավարը: Դա մեծ պատիվ և հանձնառություն է:
Սպորտը միավորելու, ոգեշնչելու և հնարավորություններ ստեղծելու անզուգական ուժ ունի և պետք է հավատալ, որ միասնությամբ է հնարավոր զարգացնել այդ ուժը:
Օլիմպիական ամբողջ ընտանիքով հարկ է պահել և ամրապնդել կազմակերպության ամուր հիմքերը, պաշտպանել բարեկամության, գերազանցության և հարգանքի արժեքները:
Քովենտրին ստացել է ընտրողների 49 ձայն, Սամարանչ կրտսերը՝ 28 , Քոուն՝ 8, Վատանաբեն և Լապարթյեն՝ 4-ական, Էլիաշն ու ալ-Հուսեյնը՝ 2-ական։