Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գոհ չէ Հայաստանի առաջնության արդյունքներից։ Մարզչի կարծիքով՝ բռնցքամարտի մակարդակը բավականին իջել է.
«Նոր պոտենցիալով մարզիկներ չեմ տեսնում։ Սա բարդացնում է նաեւ հավաքականի աշխատանքը։ Տխրում եմ այս պատկերից։ Ամբողջ ծանրությունն իմ ուսերին է մնում որպես ազգային թիմի մարզիչ, չնայած ես չեմ տրտնջում։ Ցավալի է, բայց խոսքը միայն մեծահասակների մասին չէ։ Աճող սերնդի վիճակը սարսափելի է։ Ակնկալիքներ բացարձակ չունենք, հավաքականի տղաներին փոխարինողներ չկան»,- ասաց մարզիչը։
Ազգային թիմի տղաներից առաջնությանը մասնակցել են միայն մի քանիսը։ Թորոսյանը նշեց, որ նրանք իրենց հավասարը չունեն.
«Մրցակցություն չկա։ Հավաքականների տղաներն իրենց վարպետությամբ միանգամից տարբերվում են»,- ասաց մարզիչը։ Դավիթ Թորոսյանի խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառներն ավելի խորքային են, որտեղ իրենց մեղքն ունեն մարզիչները։