Ռայան Բոաթրայթը վերադառնում է. Նիկշա Բավցեւիչի պարզաբանումը

16:53 - 22 Նոյ, 2017

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը որոշում է կայացրել ազգային թիմի կազմ վերադաձնել Ռայան Բոաթրայթին:  Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝ գլխավոր մարզիչը երկար զրույց է ունեցել Ռայանի հետ: Վերջինս ներողություն է խնդրել իր պահվածքի համար.

«Նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում, ես եւ ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը հայտարարեցինք, որ Ռայան Բոաթրայթը հեռացված է ազգային հավաքականից ոչ մարզական պահվածքի համար:

Խաղացողը իրոք հեռացվել էր ազգային թիմից եւ պետք է հեռանար նաեւ Հայաստանից նոյեմբերի 21-ի երեկոյան: Նա հավաքականից հեռացվել էր ինձ վիրավորելու, ինչպես նաեւ մարզական ռեժիմը խախտելու համար:

Ես եւ Ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էինք, որ նման իրավիճակում անհնար է նրա՝ հավաքականում մնալը, այնուամենայնիվ, խաղացողը երեկ երկար զրույց ունեցավ ինձ հետ, խորապես զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց ողջ թիմից եւ խնդրեց իրեն եւս մեկ հնարավորություն տալ` հանդես գալ հավաքականում:

Մարզչական շտաբը եւ ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեցին ընդառաջել խաղացողին եւ նրան նորից ընդգրկել հավաքականի կազմ ՝ պայմանով, որ այլեւս նման բան չի կրկնվի բասկետբոլիստի կողմից:

Ես բազմիցս ասել եմ իմ թիմին, որ կարգապահությունը եւ միմյանց հանդեպ հարգանքը շատ կարեւոր է մեզ համար, մենք ներկայացնում ենք ազգային հավաքական, եւ պետք է զգույշ լինենք մեր գործողություններում:

Հույս ունեմ, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի Հայաստանի հավաքականում»,- ասել է Նիկշա Բավցեւիչը:

Այժմ Ռայան Բոաթրայթը ազգային թիմի հետ Ալբանիայում է եւ պատրաստվում է առաջիկա խաղերին:

Այլ նորություններ