Արա Պողոսյան. Հայաստանում կանցկացնենք բասկետբոլի միջազգային մրցաշար

17:25 - 13 Փետ, 2018

Երեւանի 2800-ամյա տոնակատարության շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մայրաքաղաքում կանցկացնի ակումբային ընկերական միջազգային մրցաշար: Այն կկայանա մարտի 10-15-ը նախկին «Միկա» մարզահամալիրում եւ կանցկացվի շրջանաձեւ համակարգով:

Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Ա լիգայի առաջությունից մրցաշարին կմասնակցի միայն «Ուրարտուն».

«Այս ընկերական միջազգային մրցաշարը Երեւանի 2800-ամյակին նվիրված մարզական միջոցառումներից միայն մեկն է: Առայժմ նախատեսված է, որ կմասնակցեն չորս թիմեր: Մենք համաձայնության ենք եկել Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», Թբիլիսիի «Հունդայի» եւ Թեհրանի «Արարատ» ակումբների հետ: «Գազպրոմ Մոսկովսկին» եւ «Հունդային»  շատ ուժեղ թիմեր են, ունեն բարձր մակարդակի խաղացողներ եւ իրենց առաջնությունների առաջատարներն են:  «Արարատը» վերջերս հաղթեց Իրանի երկրորդ լիգան եւ իրավունք ստացավ հանդես գալու Սուպեր լիգայում: Նրանց կազմում բավականին երիտասարդ եւ խոստումնալից հայ բասկետբոլիստներ կան:

Հայաստանի Ա լիգայից կմասնակցի «Ուրարտուն»:  Մենք ցանկանում ենք, որ այդ մրցաշարը լինի բարձր որակի, իսկ այսօր Ա լիգայից այդ որակը կարող է ապահովել միայն «Ուրարտուն»:

«Արցախը» նույնպես ցանկանում է մասնակցել, ասացին, որ պետք է ուժեղացնեն կազմը: Մրցաշարի ձեւաչափն այնպիսին է, որ պետք է զույգ թվով թիմեր լինեն, եթե եւս մեկ ակումբի հետ համաձայնության գանք՝ գուցե «Արցախը» եւս մասնակցի»,- ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:  

Արա Պողոսյանը նշեց, որ ֆեդերացիան ցանկանում է մրցաշարը դարձնել ավանդական եւ անցկացնել ամեն տարի:

«Այս մրցաշարը մեզ կօգնի հասկանալ Ա լիգայի թիմերի մակարդակը, որակը, արդյո՞ք մրցունակ են Հայաստանից դուրս:

«Ուրարտուն» այս կազմով Ա լիգայում հաղթում է բոլոր թիմերին, հարց է, նրանք կկարողանան մրցել արտասահմանյան թիմերի հետ: Իհարկե, «Ուրարտուն» նույնպես կհամալրվի նոր խաղացողներով: Բայց, պարտությունը ողբերգական չէ, սա ընկերական մրցաշար է: Հույս ունենք, որ մեր մարզասերները կաջակցեն մեզ»,-  ասաց Արա Պողոսյանը:

Պողոսյանը հայտնեց, որ մրցաշարը դատելու են հայ մրցավարները: Նրանց հետ աշխատանքներ են տարվում, անցկացվում սեմինարներ՝ որակները բարձրացնելու համար: 

Այլ նորություններ