ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԵՕԿ 44-րդ գլխավոր ասամբլեային

21:00 - 23 Նոյ, 2015

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում նոյեմբերի 19-21-ը անցկացվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների 44-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է 50 երկրի ավելի քան 380 պատվիրակ:

Տարվա կարևորագույն միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Ասամբլեայի ընթացքում քննարկվել են համաշխարհային սպորտում առկա առաջնահերթ խնդիրները` խթանիչների դեմ անզիջում պայքարից մինչև արդար մրցակցություն և մրցավարություն, երիտասարդների շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության սերմանումից մինչև օլիմպիական գաղափարների տարածում:

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանն առանձին հանդիպումներ է ունեցել ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեի, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի, Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Լատվայի, Էստոնիայի և մի շարք այլ երկրների մարզական ոլորտի պատասխանատուների հետ, քննարկել Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր: Վեհաժողովի օրակարգի գլխավոր հարցերից մեկը եղել է 2016 թվականին անցկացվելիք ԵՕԿ-ի 45-րդ գլխավոր ասամբլեայի անցկացման երկրի ընտրությունը: Նախապես հայտ էին ներկայացրել Հայաստանն ու Բելառուսը: Մինչև հարցի քննարկմանն անցնելը ելույթ է ունենցել Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը հայտարարել է. «Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանալու է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը, ՀԱՕԿ-ը, կարևոր համարելով 2 երկների միջև առկա բարեկամական ամուր կապն ու բարձր գնահատելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեծ ավանդը սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում, որոշում է կայացրել հետ վերցնել իր հայտն ու քվերկել  Բելառուսի օգտին»:

ՀԱՕԿ նախագահի քայլը համաշխարհային սպորտի ղեկավարների կողմից բարձր գնահատականի է արժանացել: «Այս որոշմամբ Հայաստանի հեղինակությունը միջազգային օլիմպիական ընտանիքում էլ ավելի բարձրացավ»,-ասել են նրանք:

Այլ նորություններ