Ունիվերսիադա. Միքայել Միքայելյանն ավարտեց ելույթը

20:30 - 06 Մար, 2019

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում ելույթն ավարտեց դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Մարտի 6-ին 19-ամյա դահուկորդը հանդես եկավ 1500 մետր սպրինտում եւ, հաղթահարելով 2 փուլ, պայքարը լքեց կիսաեզրափակիչում եւ գրավեց 11-րդ տեղը: Որակավորման փուլում Միքայելյանը գրանցեց 2:57.25 արդյունք, քառորդ եզրափակիչում՝ 2:54.21, իսկ կիսաեզրափակիչում՝ 2:57.20:

Ավելի վաղ Միքայել Միքայելյանը 10 կմ դասական ոճում զբաղեցրել էր 37-րդ տեղը, իսկ 10 կմ ազատ ոճում (հետապնդում) 26-ն էր: Հիշեցնենք, որ ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը պայքարը կսկսեն մարտի 8-ին: Գեղասահքի մրցաշարում Սլավիկ Հայրապետյանը մարտի 6-ին հաղթահարել է որակավորման փուլի արգելքը եւ վաղը կներկայացնի ազատ ծրագիրը, իսկ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում կմեկնարկի մարտի 8-ին:

Այլ նորություններ