Երիտասարդ ըմբիշներն ուրախացրին ինձ. Լևոն Ջուլֆալակյան

23:38 - 24 Նոյ, 2015

Երևանի «Հայաստան» ՄՀԿ  Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի ՕՀՄ մարզադպրոցում նոյեմբերի 24-ին կայացավ հունառոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների և մեծահասակների միջազգային մրցաշար, որը նվիրված էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի անվանի ըմբիշներին:

Մրցաշարին մասնակցում էին  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Լեհաստանի 120 ներկայացուցիչ:

Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Գալստյանը (50 կգ, Գյումրի) ,  Վահե Սարգսյանը (55 կգ, Ջրվեժ), Գևորգ Ղարիբյանը (66 կգ, Գյումրի), Արմեն Հակոբյանը (71 կգ, Քանաքեռ-Զեյթուն), Մինդիա Ծուլուկիձեն (75 կգ,Վրաստան),  Նիկոլոզ Կելասովը (80 կգ, Վրաստան), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ, ՀԱՕԿ), Մատե Սոպաձեն (98 կգ, Վրաստան) և Սանդրո Դիխամինջիան (130 կգ, Վրաստան):

«Նախապես հայտարարվել էր, որ 59 կգ քաշային կարգում այս մրցաշարին կմասնակցեն բոլոր այն ըմբիշները, ովքեր հավակնում են համալրելու մեծահասակների հավաքականը և հետագայում պետք է մասնակցեն միջազգային և վարկանիշային մրցաշարերի: Մյուս քաշային կարգերն, այսպես ասած, ազատ էին և որոշիչ չէին: Ինձ ուրախացրեցին 59 կգ քաշային, երիտասարդ ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը, Սլավիկ Գալստյանն ու Վազգեն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր զբաղեցրին: Չէի ասի, որ ինձ լիարժեք գոհացնում է իրենց մարզավիճակը, բայց նրանք ունեն պոտենցիալ, աշխատասիրություն, ձգտում  և լավ աշխատելու դեպքում կհասնեն բարձր արդյունքի:

Ինչ վերաբերում է մյուս քաշային կարգերի մեր երիտասարդ ըմբիշներին, չկար աչքի ընկնող և առանձնացող ըմբիշ, որ կկարողանայի ասել, թե շատ գոհ եմ»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Լուսանկարներն՝ այստեղ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ