Հաջող էր Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների մեկնարկը Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի տղաներից վարդենիսցի Տիգրան Մինասյանը / 55կգ / նախնական արգելքները հաղթահարելոով մտավ կիսաեզրափակիչ ու հանդիպեց Վիայ Վիայիի /Հնդկաստան / հետ: Ծանր պայքար էր սպասվում,բայց Տիգրանը վստահ հաղթանակ տոնեց ու մտավ եզրափակիչ:
Նման պատվի արժանացավ նաև գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը: Կիսաեզրափակիչում Նորայր Մուշեղյանի անվան ՄԴ –ի սանը հաղթեց Չոլտոն Շուլցին /ԱՄՆ/:
«Ոսկու» համար պայքարում այսօր երեկոյան կարելի է ասել հայ-պարսկական դիմակայություն կլինի:Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար Պոույա Մոհամադ Նասերպոուրին և Ամին Միրզազադեհին:
Մեդալակիր դառնալու ճանապարհին լարված մրցակցություն է սպասվում էջմիածինցի Հրաչյա Պողոսյանին / 63կգ /: Մեկնարկում պարտվելուց հետո,սփոփիչ գոտեմարտերում նա պետք է հաղթի նախ` ԱՄՆ –ի,ապա` Գերմանիայի պատվիրակներին և դրանից հետո միայն «բրոնզի» համար կմրցի ռուսաստանցու հետ:
Ավաղ, ձախողվեց ու ձեռնունայն տուն կվերադառնա Հակոբ Բաղդասարյանը /87կգ /:
Այսօր մրցագորգ կելնեն նաև քաջարանցի Արարատ Մանուչարյանը / 60 կգ/, երևանցի Մալխազ Ամոյանը /67կգ /,նրա համաքաղացի էրիկ Էլոյանը / 82կգ / և գյումրեցի Ռազմիկ Խաչատրյանը / 97կգ /:
ՀԱՕԿ լրատվական բաժին