Բուխարեստ-2019․ առաջին օրվա արդյունքում 2 մեդալի ակնկալիքով

21:34 - 08 Ապր, 2019

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի  Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկան 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային ըմբիշները։
Հայաստանը ներկայացուցիչներ ուներ բոլոր 5 քաշային կարգերում։
57 կգ քաշային կարգում Վաղինակ Մաթևոսյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 7։0 հաշվով զիջեց ռումինացի Անդրեյ Դուկովին։ Հետագայում Դուկվը  կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսլիմ Սադուլաևին, իսկ Վաղինակ Մաթևոսյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

65 կգ քաշային կարգում Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից 10։0 հաշվով առավելության հասնելով Մեծ Բրիտանիան ներկայացնող Գեորգի Ռամի նկատմամբ, 1/8 եզրափակչում  Թևանյանի մրցակիցը Օլիմպիական խաղերի բրոնզե  մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևն էր։ Լարված գոտեմարտում հայ ըմբիշը զիջեց 0։1 հաշվով։ Հաջի Ալիևը հասավ եզրափակիչ, ուստի Վազգեն Թևանյանը հնարավորություն ունի պայքարել բրոնզե մեդալի համար։ Վաղը նա պայքարը կսկսի սփոփիչ գոտեմարտից, որտեղ նրա մրցակիցը Բելառուսը ներկայացնող Հուսեյին Շահբանովն է։

70 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 7։4 հաշվով առավելության հասնելով մոլդովացի Մխայիլ Սավայի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Սաֆարյանը 2։12 հաշվով պարտվեց ադրբեջանցի Աղահուսեյին  Մուստաֆաևին։ Ադրբեջանցի ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, և Դավիթ Սաֆարյանը իրավունք ստացավ՝ պայքարել բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի աշխարհի կրկնակի չեմպիոն Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովը։

79 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 1։10 հաշվով պարտվեց ռումինացի Օմարասխաբ Նաժմուդինովին։ Հետագայում ռումինացին նույնպես պարտվեց, և Գրիգորը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 6։1 հաշվով պարտվեց  Գերմանիան ներկայացնող Գենադի Կուդինովիչին։ Այնուհետև գերմանացի ըմբիշը պարտվեց Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևին, և Սարգիսը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Այլ նորություններ