Ծանրամարտի ԵԱ. Տաթեւ Հակոբյանը գրավեց չորրորդ տեղը

19:04 - 12 Ապր, 2019

Տաթեւ Հակոբյանը չորրորդ տեղը գրավեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգում: Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը ցուցադրեց 230 կգ (105+125) արդյունք: Պոկում վարժության համար Տաթեւ Հակոբյանը պատվիրել էր ամենաբարձր քաշը, բայց միայն երրորդ փորձից բարձրացրեց 105 կգ-ն եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը եւ գրանցեց չորրորդ արդյունքը:

Այս քաշային կարգում հանդես եկան 8 մարզուհիներ: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուս Կսենիա Պաշխինան, որի երկամարտի արդյունքն էր 242 կգ (110+132):

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 17-ամյա Լիաննա Գյուրջյանը (81 կգ), որը երկամարտում գրավել էր չորրորդ տեղը եւ արծաթե մեդալ նվաճել հրում վարժությունում:

Նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում: 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին:

Այլ նորություններ