Լեւոն Ջուլֆալակյան. Ցանկացած մարզիկ տեղ ունի հավաքականում

17:30 - 14 Մայ, 2019

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարություններին։

«Միգուցե ավելի ճիշտ է արհամարհել ու չպատասխանել, բայց կցանկանամ մի քանի կետով անդրադառնալ: Կան հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան: 21 տարի գլխավորում եմ հավաքականը եւ իմ աշխատանքի մեջ չեմ թերացել, պարտաճանաչ կատարել եմ իմ պարտականությունները: Ցանկացած մարզիկ ունի թե՛ իրավունքներ, թե՛ պարտականություններ։ Եթե մարզիկն իրեն դնում է անհասանելի մեկի տեղ, եւ սկսում ինքնագլուխ որոշումներ կայացնել, ապա նրա հետ աշխատելը դառնում է անհնարին: Բոլորը պարտավոր են մասնակցել ուսումնամարզական հավաքներին, իհարկե, յուրաքանչյուր մարզիկի հետ կատարվում է նաեւ անհատական աշխատանք: Պետք է կարողանալ ապացուցել, որ դու արժանի ըմբիշ ես ու տեղ ունես հավաքականի կազմում»,- ասաց օլիմպիական չեմպիոնը։

Լեւոն Ջուլֆալկյանը նաեւ նշեց, որ երբեք կասկածի տակ չի դրել Միհրան Հարությունյանի տաղանդավոր ըմբիշ լինելու փաստը։

«Բայց տաղանդ ունենալը դեռ քիչ է, պետք է հղկվի ամեն ինչ: Նորից եմ կրկնում՝ ցանկացած տաղանդավոր մարզիկ տեղ ունի այս հավաքականում, եթե պատրաստ է բոլորի հետ մարզվել ու անցնել այն փուլերը, ինչ հավաքականի մյուս ըմբիշները։ Խոսքը նաեւ Միհրան Հարությունյանի մասին է»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։

Այլ նորություններ