Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլի հայտերի ընդունումն ավարտվել է: 20 օրում վիճակախաղին մասնակցելու հայտ են ներկայացրել Ճապոնիայի 7.5 միլիոն բնակիչներ: Հաղթողները հայտնի կդառնան հունիսի 20-ին:
Հայտերի ընդունման համար նախատեսված կայքի այցելուների թիվը հասել է 24 միլիոնի:
Նախորդ շաբաթ Տոկիո է այցելել Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող խումբը՝ Ջոն Կոուտսի գլխավորությամբ: Մասնագետները նշել են, որ երկրպագուների կողմից Օլիմպիական խաղերին ներկա գտնվելու այսպիսի մեծ հետաքրքությունը նորություն է իրենց համար:
Երկրպագուներն ամենաշատը հետաքրքրված են ներկա լինել մարմնամարզության, ըմբշամարտի, ձյուդոյի, լողի մրցումներին, ինչպես նաեւ Օլիմպիական խաղերի բացման ու փակման արարողություններին:
Սպասվում է, որ 7.8 միլիոն տոմս բաժին կհասնի ճապոնացիներին, եւս 2 միլիոն՝ արտասահմանցի երկրպագուներին:
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: