Հունահռոմեկան ոճի ըմբիշները՝ երիտասարդական ԵԱ-ում նվաճած մեդալների մասին

17:00 - 08 Հուն, 2019

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունից Երեւան վերադարձավ 4 մեդալով՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշներն ամփոփեցին իրենց ելույթները:

Մալխաս Ամոյան (ոսկե մեդալակիր). «Այս առաջնությանը շատ լավ էի պատրաստվել։ 5 գոտեմարտ եմ անցկացրել, բայց ամենածանրը եղել է կիսաեզրափակիչում՝ ռուս ըմբիշի հետ։ Հաղթանակը կորզեցի վերջին վայրկյաններին, այդ պահին հաղթանակի ցանկությունը մեծ էր։ Առջեւում աշխարհի առաջնությունն է: Ամեն ինչ կանեմ, որպեսզի դառնամ աշխարհի կրկնակի չեմպիոն»։

Հայկ Մելիքյան (արծաթե մեդալակիր). «Աննկարագրելի պահ է։ Ճիշտ է, Եվրոպայի առաջնությանը մեկնել էի ոսկե մեդալի հետեւից, բայց այս անգամ չստացվեց։ Այս մեդալի համար շատ երկար ժամանակ էի մարզվել։ Շատ հաճելի ու աննկարագրելի վայրկյաններ էին»։

Հրաչյա Պողոսյան (բրոնզե մեդալակիր). «Երեւի, ինչ-ոչ բան պակասեց, մարզումներին ավելի շատ պետք է աշխատեի։ 2 տարի էր չէի կարողանում մեդալ նվաճել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Ուրախ եմ այս մեդալի համար, կաշխատեմ ոսկե մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում»։

Սահակ Հովհաննիսյան (բրոնզե մեդալակիր). «Փոքր տեխնիկական խնդրի պատճառով զիջեցի մրցակցիս ու նվաճեցի բրոնզե մեդալ: Կաշխատեմ շտկել այդ սխալները, ավելի պրոֆեսիոնալ դառնալ անգամ այդպիսի փոքր դրվագներում։ Պարտությունը մոտիվացնում է, դրանից պետք է ոչ թե հուսահատվել, այլ առաջ նայել, շտկել թերությունները՝ պատրաստվելով առաջիկա մրցաշարերին»։

 

Այլ նորություններ