Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

22:45 - 26 Հուն, 2019

Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) դուրս եկավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։

Մրցումային 6-րդ օրը Ներսեսյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց թուրք Մալկան Բայրամի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։

Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։

Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Չիրյակովին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։

Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Անուշ Գրիգորյանը (51 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են 1/4 եզրափակիչում։

Այլ նորություններ