Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հաղթանակի և անցկացրած գոտեմարտերի մասին։
«Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար, նախևառաջ՝ մարզիչներիս, ընկերներիս։ Կփորձեմ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճել հետագայում»,-ասաց նա։
Սլավիկի համար բարդ է եղել առաջին գոտեմարտն ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ.
«Միշտ առաջին գոտեմարտն ավելի դժվար է լինում, սակայն երկրորդ գոտեմարտը եւս հեշտ չէր, մի քանի վայրկյան էր մնացել, պարտվում էի, բայց կարողացա հետ բերել միավորները և հաղթել»,- նշեց ըմբիշը:
Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը թույլ է տվել որոշ սխալներ, բայց մրցավարների «համակրանքն» էլ եղել է մրցակցի կողմը.
«Ես նույնպես սխալներ թույլ տվեցի, չեմ կարող հերքել, ինչ-որ չափով էլ մրցավարներն օգնեցին նրան»,- խոսքը եզրափակեց Սլավիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանը 7:5 հաշվով հաղթել էր Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիին:
Լուսանկարը՝ UWW-ի