Հակոբ Սերոբյան․ Արթուր Թովմասյանը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն

14:00 - 16 Հոկ, 2019

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում տեղի ունեցած մարմնամարզության աշխարհի առաջնությունը:

«Աշխարհի առաջնության առաջին օրվանից գոհ եմ, մեզ պետք էր եզրափակիչ անցնել և այնտեղ պայքարել։ Մասնակցում էին 250 մարմնամարզիկներ, մեր տղաները հանդես էին գալու ամենավերջինը, և մեզ համար բոլոր հաշվարկները պարզ էին։ Արթուր Դավթյանի դեպքում ռիսկի չգնացի, թեթևացրի վարժությունները, քանի որ, հնարավոր է, ցատկի ժամանակ ընկներ ու ուղեգիր չունենար, մոտ 2 բալով վարժությունը հեշտացրի։ 

Արթուր Թովմասյանի առաջադրանքը եզրափակիչ դուրս գալն էր։ Նա 8-րդ տեղով մտավ եզրափակիչ՝ ընդամենը 3 տասնորդական զիջելով առաջին տեղին։

Հարություն Մերդինայանն արեց այն, ինչ պետք էր, բայց նրա մրցակիցներն աճել են, բացի այդ, մրցավարները շատ խիստ էին դատում՝ չնայած չեն եղել խտրականություններ, բոլորին էլ խիստ են դատել, կային շատ լուրջ երկրներ, որոնք օլիմպիական ուղեգրեր չնվաճեցին։ Եթե Արթուր Թովմասյանն օղակների վարժության եզրափակչում քայլ չաներ, ապա կդառնար աշխարհի չեմպիոն, բայց նա քայլ արեց։ Արթուրի ծունկը վիրահատված է և, երևի, կա հոգեբանական խնդիր, ինչ-որ վախ կա վայրէջքի ժամանակ»,- ասաց մարզիչը:

Խոսելով այլ օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորությունների մասին՝ Հակոբ Սերոբյանը նշեց, որ շանսեր կան, բայց ոչ մեծ։ 

«Եվրոպայի առաջնությունը, որի ժամանակ մեկ ուղեգիր խաղարկվելու է, անցկացվելու է Բաքվում և դժվար թե մասնակցնեք, նաև աշխարհի գավաթի խաղարկության 2 փուլ է այնտեղ անցկացվելու: Չնայած Եվրոպական ֆեդերացիայի նախագահը մեզ անվտանգության երաշխիքներ է տվել, սակայն տրիբունաներում երկրպագուների պահվածքն անկանխատեսելի է»,- հայտնեց մարզիչը։ 

Վերջում Հակոբ Սերոբյանն ասաց, որ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը կմասնակցի հենցատկի վարժությունում, իսկ իր՝ Տոկիո-2020-ում մրցավար աշխատելու մասին դեռ հստակ տեղեկություններ չկան. դա պարզ կլինի Գերմանիայում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությունից հետո։

Այլ նորություններ