ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ . . . ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

10:57 - 20 Սեպ, 2022

Հայտնի է, որ Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն 2023թ. Լեհաստանում: Հին աշխարհամասի օլիմպիական կոմիտեն, միջոցառման կազմկոմիտեն և մարմնամարզության ֆեդերացիան համատեղ հայտարարություն են հրապարակել: Ընդգծվում է, որ ստիպված են եղել ծրագրում չընդգրկել մարմնամարզական ձևերը: Պատճառն այն է, որ ժամանակակից չափանիշները բավարարող մրցավայր չկա նշանակված քաղաքներում: Իհարկե, մանրամասն ուսումնասիրել են  համապատասխան բոլոր մարզակառույցները:

Ամեն դեպքում, ԵՕԿ-ը  իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանին՝ Եվրոպական խաղերը հյուրընկալելու և գործադրված   ջանքերի համար: Հույս է հայտնվել, որ համանուն հաջորդ ստուգատեսներում մարմնամարզությունը կրկին  իր տեղը կունենա մարզաձևերի ցանկում:

Ի դեպ, նախորդ երկու եվրոպիադաներում մեդալներ են խաղարկվել և’ սպորտային, և’ գեղարվեստական մարմնամարզությունում: 

Հայաստանի պատվիրակներն իրենց ունակությունները դրսևորել են Մինսկի ստուգատեսում: Անվանի Արթուր Դավթյանը հենացատկերում նվաճել է  չեմպիոնի կոչումը, բազմամարտում դարձել հինգերորդ մրցանակակիր, իսկ նրա թիմակից Վահագն Դավթյանը արծաթե մեդալի է արժանացել օղակների վրա  վարժությունում:

 

 

Այլ նորություններ