Մ-23 ԱԱ. Դավիթ Օվասապյանը պարտություն կրեց կիսաեզրափակիչում, Նորայր Հախոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

21:35 - 01 Նոյ, 2019

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան Հայաստանի 5 ներկայացուցիչներ՝ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ)։

Ամենահաջողը հանդես եկավ Դավիթ Օվասապյանը, որը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից և տարավ 2 հաղթանակ: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց վրացի Զվիադի Պատարիձեի հետ և պարտվեց 1:4 հաշվով: Նոյեմբերի 2-ին Օվասապյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

1/8 եզրափակիչից մեկնարկած Նորայր Հախոյանը (55 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվեց (4:4) ռուս Էմին Սեֆերշաևին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Նորայր Հախոյանը հնարավորություն է ստացել նոյեմբերի 2-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա կմրցի հունգարացի Ռիչարդ Ռաչի հետ:

2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (63 կգ) և Ալբերտ Եղիկյանը (87 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն կրեցին երկրորդ գոտեմարտերում և լքեցին պայքարը, իսկ Վահե Պողոսյանը (77 կգ) պարտվեց որակավորման փուլում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում ԱԱ-ին մեկնել են նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արման Վարդումյանը (82 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ին:

Այլ նորություններ