Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը (130 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը հաղթեց ղազախ Մանսուր Շադուկաևին (5:5):
Նոյեմբերի 2-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացրեց նաև Նորայր Հախոյանը (55 կգ), որը 2:7 հաշվով պարտվեց ադրբեջանցի Զաուր Ալիևին: Նոյեմբերի 1-ին պայքարի մեջ մտած և մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած Հախոյանը սփոփիչ գոտեմարտերում հաղթել էր հունգարացի Ռիչարդ Ռաչին (8:0) ու հնդիկ Արժուն Հալակուրկիին (10:2):
Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից Արմեն Մելիքյանը (60 կգ) տարել է 3 հաղթանակ և նվաճել եզրափակիչի ուղեգիր: Նոյեմբերի 3-ին նա եզրափակիչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովի հետ:
Հայկ Մելիքյանը (67 կգ) պարտություն է կրել մեկնարկային գոտեմարտում և լքել պայքարը, իսկ Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արման Վարդումյանը (82 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են քառորդ եզրափակիչում: Արման Վարդումյանը հնարավորություն է ստացել նոյեմբերի 3-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նա կմրցի Թուրքմենստանը ներկայացնող Տոյլի Օրազովի հետ:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում ԱԱ-ին մասնակցել են նաև Սլավիկ Գալստյանը (63 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) և Ալբերտ Եղիկյանը (87 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: