ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

11:00 - 19 Փետ, 2020

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը փետրվարի 19 –ից մինչև մարտի 7 –ը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ հիմնական նպատակը աղջիկների ընդհանուր ֆիզպատրաստականության որակները բարելավելն է:  

Ծաղկաձորյան  հավաքից հետո  աշխատանքները կշարունակվեն   Երևանում: Պարապմունքները կունենան  տեխնիկան հղկելու և կիլոգրամներն աստիճանաբար ծանրացնելու  նշանակություն:

Կհաջորդի Մոսկվայում ապրիլի 3 –ին սկսվելիք Եվրոպայի առաջնությունը: Հույս կա, որ  Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը Տոկիոյի օլիմպիական խաղեր մեկնելու ուղեգրի կարժանանան: Նրանցից յուրաքանչյուրն արդեն մասնակցել է մրցակարգով սահմանված միջազգային  վարկանիշային  մրցաշարերից հինգին և մոսկովյան ստուգատեսը թվով վերջինը `  վեցերորդը կլինի:

Գլխավոր մարզիչն անդրադարձավ  Երևանում անցկացված Հայաստանի առաջնությանը:  Մեր երկրում կանանց ծանրամարտի աշխարհագրությունն ընդարձակվել է: Հայտավորված շուրջ 50 մարզուհիները ներկայացնում էին Գյումրին, Արարատը, Էջմիածինը, Քասախը, մի քանիսն էլ ` Երևանն   ու Վանաձորը:

Ընդհանրապես մեծ է տեղերում աշխատող մասնագետների դերը: Որքան շատ լինեն  տեխնիկապես գրագետ մարզուհիները, այնքան հեշտ ու արդյունավետ  կլինի հավաքականի մարզիչների գործը: Այդ պարագայում կավելանան նաև նվաճումները:

 

 

 

 

Այլ նորություններ