Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը. Թինա Կարապետյան

11:36 - 26 Դեկ, 2015

Կանադահայ գեղասահորդ Թինա Կարապետյանը մեծ սպասելիքներ ունի 2016 թվականից: 18-ամյա գեղասահորդուհին մեծ պատիվ է համարում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը և հիացած է Հայաստանով:  ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Թինան պատմեց իր, զուգընկերոջ  և առաջիկա պլաների մասին:

-Թինա, պատմիր քո մասին:

-Ես ծնվել եմ կանադական Մոնրեալ քաղաքում 1997 թվականին: Ունեմ ևս երկու քույր, մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: Գեղասահքով սկսել եմ զբաղվել, երբ 3 տարեկան էի: Ես, կարծես, սիրահարվեցի այդ մարզաձևին: Նախորդ տարի պարում էի Ալեքսանդր Լալիբերտիի հետ, սակայն արդեն կես տարի է, ինչ համագործակցում եմ Սիմոն Պրոլուքս Սենեկայի հետ: Լալիբերտիի հետ մենք աշխարհի 2015 թվականի պատանեկան առաջնությունում զբաղեցրել էինք 16-րդ հորիզոնականը: 

-Ովքե՞ր են ծնողներիդ և որտեղից են արմատներով:

-Մայրս՝ Մարալ Դերմեգուրդիչյանն է, իսկ հայրս՝ Ջոն Գարապեդյանը: Երկուսն էլ ծնվել են Լիբանանում:

-Գիտեմ, որ սովորում ես նաև դպրոցում: Ինչպե՞ս ես համատեղում:

-Այո, օրվա կեսը ես սահում եմ, իսկ մյուս կեսը տրամադրում եմ սովորելուն: Իսկապես, շատ դժվար է հստակ ծրագիր մտածել սահելու և դասերի համար: Աշխատում ենք հնարավորինս շատ սահել: Սակայն կարգապահություն, կազմակերպվածության շնորհիվ կարողում ենք հասցնել ամեն ինչ:

-Եղե՞լ ես Հայաստանում և ի՞նչ տպավորություններ ունես:

-Ընտանիքիս հետ Հայաստան եկանք նախորդ ամառ և մենք հիացած էինք մեր ճանապարհորդությունով: Աննկարագրելի զգացողություն էր վերջապես տեսել այն երկիրը, որի մասին այդքան շատ լսել և սովորել ենք: Ամեն փողոցում տեսնելով Հայաստանի դրոշը, ամենուր լսել հայերենը, իսկապես մեծ ուրախություն էր պատճառում մեզ: Մեզ համար դեպի Հայաստան ճանպարհորդությունն անմոռանալի էր:

-Ինչպե՞ս որոշեցիր հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

-Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը մարզիչիս գաղափարն էր: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը: Հպարտություն է կրել «Հայաստան» անվանումով շապիկներ, լսել Հայաստանի օրհներգը:

-Ի՞նչ կասես զուգընկերոջդ՝ Սիմոն Սենեկայի մասին:

-Սիմոնի հետ սահել սկսել ենք 2015 թվականի մայիսից: Նա 24 տարեկան է: Սիմոնն իսկապես հրաշալի տեխնիկա ունի և բավականին արագ է: Մենք նույն մտածելակերպն ունենք: Նա անմացորդ նվիրվում է իր աշխատանքին, միևնույն ժամանակ նաև դասավանդում է համալսարնի ցածր կուրսերում: Նա շատ բարեհամբյուր է, մեծ սիրտ ունի: Մենք ջերմ փոխհարաբերությունների մեջ ենք և լավ ընկերներ ենք:

-Ի՞նչ պլաններ ունեք 2016 թվականի համար:      

-2016 թվականին մեր հիմնական նպատակն աշխարհի առաջնությանը մասնակցել է, որն անցկացվելու է Բոսթոնում: Դրա համար մեզ հարկավոր է հավաքել համապատասխան միավորներ կարճ ծրագրում, որը մենք արդեն ունենք և կրկնել այն ազատ վարժությունում: Այդ իսկ պատճառով մենք կմասնակցենք Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվելիք բաց մրցաշարին: Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի հավաքել համապատասխան միավորները և մենք կմասնակցեն մարտին կայանալիք աշխարհի առաջնությանը: Հաջողություն մաղթեք մեզ: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

  

Այլ նորություններ