ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 66կգ քաշային կարգը ներկայացնող Միհրան Հարությունյանը մոտ էր մեդալ նվաճելուն, սակայն մրցավարների կողմնակալ որոշումները զրկեցին հայ ըմբիշին մեդալից:
Հարությունյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակիչից, որտեղ հանդիպել էր Հոնդուրասի ներկայացուցիչ Ջեֆրին Բենիտոնին և հաղթել 9:0 հաշվով: Այնուհետև հայ ըմբիշը նույն հաշվով առավելության էր հասել հույն Մատիաս Վլադիմիրոսի նկատմամբ:
1/8 եզրափակիչի գոտեմարտում հայ ըմբիշը 4:1 հաշվով առավելության էր հասել Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիր, հունգարացի Տամաշ Լորինչի նկատմամբ, ում 2014-ի աշխարհի առաջնության ժամանակ 6:4 հաշվով պարտվել էր:
Քառորդ եզրափակիչում Հարույթույանը 10:1 հաշվով հաղթեց վրացի Շմագի Բոլկվաձեին:
Կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցն էր կորեացի Հանսու Ռյուն: Հարությունյանը 4:0 հաշվով հաղթում էր կորեացուն, սակայան կողմանակալ մրցավարները 2 նկատողություն տվեցին հայ մարզիկին՝ հավասարեցնելով հաշիվը: Արդյունքում՝ 2 նկատողությամբ Հարությունյանը զրկվեց եզրաձակիչի ուղեգրից:
Բրոնզե մեդալի համար պայքարում Միհրանի մրցակիցը ռուս Արտյոմ Սուրկովն էր: Այստեղ էլ մեծ եղավ կողմնակալ մրցավարների դերը: Գոտեմարտի վերջին 10 վայրկյանին նրանք նկատողություն տվեցին Հարությունյանին, խլելով հաղթանակը: