Միջազգային օլիմպիական կոմիտեի յոթերորդ նախագահը եղել է իսպանացի Խուան Անտոնիո Սամարանչը։ Նա ՄՕԿ –ը ղեկավարել է 1980 – 2001թթ․։ Այսօր՝ հուլիսի 17 –ին լրացավ նրա ծննդյան 100-ամյակը։ Ծնվել է Բարսելոնում ՝ 1920թ., մահացել է 2010թ.։
Սամարանչը հայտնի քաղաքական գործիչ է, բիզնեսմեն։ 1980 թ․ Մոսկվայի օլիմպիական խաղերի ավարտից հետո ընտրվել է ՄՕԿ –ի նախագահ: Օլիմպիական շարժման գործում ունեցած ավանդի համար Իսպանիայի թագավորը 1991թ․ Սամարանչին տվել է մարքիզի / դոն / կոչում:
Համարվում է 20-րդ դարի օլիմպիական շարժման անենաազդեցիկ դեմքերից մեկը։ ՄՕԿ –ի ցմահ պատվավոր նախագահ էր։
Սամարանչի օրոք օլիմպիական շարժումը ֆինանսապես դարձավ անկախ։ Այդ գործին նպաստեցին հովանավորները և հեռուստատեսային հեռարձակումների պայմանագրերը, որոնք մեծ գումարներ են ապահովել ՄՕԿ-ի բյուջեին:
Սամարանչի կառավարումը փրկություն էր ՄՕԿ-ին, որը 1970-ական թվականների ճգնաժամից հետո ֆինանսապես գրեթե ոչնչացած էր։
Օլիմպիական խաղերի պատմությունում Խուան Անտոնիո Սամարանչը մնացել է որպես օլիմպիական շարժումը վերածնած մարդ - ղեկավար։
Հայաստանի մարզական կյանքի և օլիմպիական շարժման հետագա զարգացման համար նշանակալի երևույթ էր 1994թ. ապրիլին Սամարանչի գլխավորած ՄՕԿ –ի պատվիրակության այցը Հայաստան։
Այցելելով Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիր, ծանոթանալով մարզակառույցներին, վերկանգնողական կենտրոնին, հյուրանոցային համալիրին, սննդի օբյեկտներին և այլն, Սամարանչն ասել է, թե հիմա արդեն հասկանալի է խորհրդային, այդ թվում` հայաստանցի մարզիկների հաջողությունների գաղտնիքը։ Նա նաև այցելել է մարզահամերգային համալիր, << Հրազդան >> ստադիոն և այլուր։