Սպորտին նվիրված միջազզգային տոնացույցում հուլիսի 22 –ը նշվում է որպես բռնցքամարտի միջազգային օր։
Դեռևս 385թ․ 291 –րդ օլիմպիական խաղերի կռփամարտի մրցումներին մասնակցել է հայոց թագավորական տոհմի շառավիղ Վարազդատ Արշակունին և հաղթելով բոլոր մրցակիցներին հռչակվել է օլիմպիական չեմպիոն։ Այդ հաղթանակից 1613 տարի անց, 1998թ․ մայիսի ութին, ՄՕԿ –ի և ՀԱՕԿ –ի փոխադարձ համաձայնությամբ , պատմական Օլիմպիայում հանդիսավորությամբ բացվել է Վարազդատ Արշակունու մարմարե կիսանդրին / քանդակագործ Լևոն Թոքմաջյան / ։ Խոսքով հանդես է եկել Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պատմագիտության դոկտոր Միքայել Իսպիրյանը։
Ժամանակակից բռնցքամարտը ծնունդ է առել Անգլիայում, 18-րդ դարի սկզբին։ Իսկ օլիմպիական շարժման վերածննդից հետո, 1920 թ․ այն մտել է օլիմպիական ընտանիք։
Մարզաձևը մեծ տարածում և հեղինակություն ունի Հայաստանում։ Մեզանում աճել են ԽՍՀՄ , Եվրոպայի, աշխարհի տասնյակ չեմպիոններ և մրցանակակիրներ։ Իսկ կաշվե ձեռնոցի հանճարեղ վարպետ, երևանցի Վլադիմիր Ենգիբարյանն իր բազում նվաճումներին ավելացրել է նաև օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Նա այդ պատվին արժանացել է 1956թ․ Մելբուռնի օլիմպիական խաղերում։