Ձյուդոյի եվրոպական միությունը / EJU / աշխարհում շարունակվող համավարակի պատճառով չեղյալ է հայտարարել օլիմպիական մարզումային երկու հավաքները / Խորվաթիայում և Իսպանիայում /:
Ֆեդերացիայի հաղորդագրությունում ասվում է, որ վարակի երկրորդ ալիքը շարունակվում է տարածվել մայրցամաքով, տարբեր երկրներ կրկին վերադառնում են խիստ սահմանափակումների, մարզիկների համար դժվար է ճանապարհորդել և մրցել առանց կարանտինի։
Այդ պատճառով որոշվել է հրաժարվել նաև այս ամսին Մալագա քաղաքում նախատեսված եվրոպական բաց մրցաշարից , Զագրեբում՝ մինչև 18 տարեկանների և Լիգնանոյում ՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկություններից։
Միևնույն ժամանակ, օրացույցում ուժի մեջ են մնում մինչև 21 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները, որոնք նոյեմբերին պետք է կայացվեն Խորվաթիայի Պորեչում։
EJU- ն մտադիր է Պրահայում անցկացնել Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որը բազմիցս հետաձգվել է: Վերջին որոշման համաձայն այն նշանակված է նոյեմբերի 19-21-ը:
Եվրոպայի առաջատար ձյուդոիստների համար երկարատև դադարից հետո առաջին խոշոր մրցաշարը կլինի Բուդապեշտում կայանալիք << Մեծ սաղավարտ >> -ի մրցաշարը: Օրերս միջազգային ֆեդերացիան / IJF / հաստատեց այդ ստուգատեսի առաջին փուլի անցկացումը՝ հոկտեմբերի 23-25-ը։
Այդ մրցաշարի պաշտոնապես հաստատման առիթով ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի / IJF / նախագահ Մարիուս Վիզերն ասել էր․ << Սա պատմական պահ է համաշխարհային ձյուդոյի և սպորտի համար: Մենք անհամբեր սպասում ենք << Մեծ սաղավարտի >> անցկացմանը միջազգային ֆեդերացիայի, առողջապահության և անվտանգության միջոցառումների կանոններին համապատասխան: Դժվարին ժամանակներում պետք է հարմարվենք COVID-19- ին։ Կանենք ամեն ինչ , որպեսզի մարզիկները կարողանան դրսևորել իրենց ունակությունները >>։
Նշենք, որ մրցումներում կխաղարկվեն օլիմպիական վարկանիշային միավորներ: