Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն խորհրդակցելով ՄՕԿ-ի, միջազգային մարզական ֆեդերացիաների և խաղերը հեռարձակող ծառայության հետ, վերանայել է մարաթոնյան լողի, գեղարվեստական մարմնամարզության և աթլետիկայի մրցումների մեկնարկի ժամերը:
Չնայած այն հանգամանքին, որ 2020-ի ամառը Ճապոնիայում սովորականի նման շոգ չէր, կազմակերպիչներն այնուամենայնիվ դեռ մտահոգ են խաղերի ընթացքում հնարավոր բնական անոմալիաների համար: Ուստի Օդայբա ծովածոցում անցկացվելիք մարաթոնյան լողի մեկնարկը կտրվի նախատեսվածից կես ժամ շուտ ՝ առավոտյան 6 անց 30-ին / Տոկիոյի ժամանակով /: Մարզիկները այն կավարտեն մոտավորապես ժամը 9 անց 10-ին: Տասը կմ մրցատարածությունը կանայք կհաղթահարեն օգոստոսի 4-ին, իսկ տղամարդիկ ` հաջորդ օրը:
Հիշեցնենք, որ մինչ համաճարակը, կազմակերպիչների համար խնդիր էր շոգ եղանակը։ Նախատեսվում էր ծովախորշում ջուրը սառեցնելու համար տեղադրել հատուկ սարքավորումներ, իսկ տրիբունաներում ՝ արհեստական ձյան մեքենաներ:
Գեղարվեստական մարմնամարզության բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 7-ին `ժամը 15 անց 20- ից 18: 00 -ը, իսկ խմբակային վարժությունների եզրափակիչը` հաջորդ օրը `ժամը 11: 00-ից 12անց 55-ը:
Կանանց բարձրացատկի, 10 հազար մետր վազքի և 4x400 փոխանցավազքի , ինչպես նաև տղամարդկանց նիզականետման, 1500 մետր վազքի և 4x400 փոխանցավազքի մրցումները կսկսվեն ժամը 19: 00-ին և կավարտվեն ժամը 22: 00-ին: