Ճապոնիայի Ֆուկուսիմա վարչատարածքի ֆուտբոլի ուսումնական կենտրոնում այսօր մեկնարկեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքը, որը հեռարձակվել է << Տոկիո -2020 >> կազմկոմիտեի պաշտոնական կայքում:
Արարողությանը մասնակցել են սամուրայի տարազներով դերասաններ, թմբուկահարներ և պարողներ: Ցուցադրվել են խաղերի պատվին ստեղծագորած ուսանողների նկարները, ապա դպրոցականների երգչախումբը կատարել է Hana wa saku երգը: Այն որպես բարեգործական ծրագիր ստեղծվել է NHK հեռուստաընկերության աջակցությամբ ՝ 2011-ի երկրաշարժից և ցունամիից տուժած շրջաններին օգնելու համար: Այնուհետև բեմահարթակում հայտնվել է Հունաստանից բերված օլիմպիական կրակը:
Փոխանցավազքի առաջին վազորդը 34-ամյա ֆուտբոլիստ Ադզուսա Իվաշիմիձուն էր: նա Ճապոնիայի հավաքականում հանդես է եկել 2006-2016 թթ.:
Միջոցառումն անցկացվում է համավարակի կանխման բոլոր կանոնների համապատասխան: Յուրաքանչյուր ջահակրի, սահմանված հեռավորության համաձայն, ուղեկցում են կազմկոմիտեի և ոստիկանության աշխատակիցները:
Կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն միջոցառման առթիվ ասել է, որ վերջին տարում աշխարհը հայտնվել է բարդ իրավիճակում, սակայն Հունաստանից Ճապոնիա բերված օլիմպիական կրակը շարունակում էր այրվել լուռ, բայց՝ աներեր: Այդ փոքրիկ կրակը հույսը չկորցրեց և սպասեց այս օրվան: Ցանկանում եմ, որ այն հույսի լույս վառի Ճապոնիայում և հուլիսի 23-ին ապահով ժամանի Տոկիոյի մարզադաշտ , - ասել է կազմկոմիտեի ղեկավարը:
Փոխանցավազքը կտևի 121 օր, կանցնի Ճապոնիայի 47 վարչատարածքներով, որին կմասնակցի մոտ 10 հազար մարդ:
32-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 119 օր: Մարզահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, իսկ փակումը՝ օգոստոսի 8-ին: