ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՉՏՎԵՑԻՆ

12:39 - 20 Ապր, 2021

Կահիրեում  / Եգիպտոս /   զուգահեռաբար անցկացվեցին  աշխարհի  սուսերամարտի  պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Հայաստանը  ներկայացրել էր հինգ պատվիրակ:

Ճկասուսերակիրների մրցաշարին մասնակցեցին Գրիգոր Պապոյանը և Աիդա Ալոյանը, իսկ  Հովհաննես Մուրադյանը ,Գագիկ Դավթյանը և Ալիկ Նավասարդյանը ՝ խոցասուսերակիրների պայքարին:

Մեր  մարզիկները մեդալակիր չդարձան, բայց   մասնագետները   չդժգոհեցին:  Բանն այն է, որ շուրջ մեկ տարի, համավարակի հետևանքով,  հայ  սուսերակիրները  միջազգային մրցումների չէին մասնակցել: Այդուհանդերձ  հայաստանյան հնգյակը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլի արգելքը և մտավ 64 ուժեղագույնների շարքը: Այդ  խմբի մրցաշարում  մերոնք  նույնպես մարտական էին տրամադրված և արժանի մրցակցություն ցույց տվեցին, դիպուկ  խոցումներ կատարեցին, բայց . . . պարտվեցին և օլիմպիական մրցակարգի համաձայն դուրս մնացին  հետագա պայքարից:

Այնուամենայնիվ դրական մեկ քայլ ևս կատարվեց:  Ալիկ Նավասարդյանը համոզիչ հաղթանակ տոնեց սերբ մրցակցի նկատմամբ / 15 : 11 / և մտավ  32 լավագույնների խումբ:  Նորագավիթցին  կրկին հաղթելու վճռականությամբ ելավ մարտուղյակ, որտեղ  զենքը խաչաձևեց նախօրյակին երիտասարդների  առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած եգիպտացի մրցակցի հետ:

Մենամարտի սկզբում հաշիվը գլխավորում էր մեր մարզիկը / 1 : 0, 2 : 0  . . . / : Բայց նրա ուժերն աստիճանաբար լքեցին և հաշիվը հավասարվեց ՝ 11 : 11:  Դրանից հետո Ալիկը միավոր չշահեց, զիջեց  տանտիրոջը  / 11 : 15 / ու վերջնարդյունքում,   91  մրցակիցների պայքարում,  գրավեց պատվավոր 27 –րդ տեղը:

Թիմը մրցավայր էր ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը:

Այլ նորություններ