ՀԱԳԵՑԱԾ ԾՐԱԳՐՈՎ

12:27 - 17 Մայ, 2021

Երևանի հեծանվահրապարակում անցկացվեց Հայաստանի առաջնությունը: Մասնակցեցին տարբեր տարիքի 59 մարզիկներ:

Հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը զրույցի ժամանակ ասաց, որ մասնակիցների ընդհանուր պատրաստականությունը դժգոհելու տեղիք չտվեց: Այդուհանդերձ, ընդգծվեցին առաջատարները, իսկ պատանիների մրցաշարում ի հայտ եկան  օժտված, հեռանկարային հեծանվորդներ:

Ծրագրում ընդգրկված էր  հինգ մրցաձև.  չորս կմ հետապնդում,  մեկ կմ տեղից արագավազք / գիտ / , դուրս գալով խմբային վազք, սկրեչ՝ խմբային վազք մեկ վերջնարկով և խմբային վազք ՝  միավորներով:

Առաջատարների միջև լարված պայքար ընթացավ: Տարբեր մրցաձևերում  հաջողությունները փոփոխակի էին,իսկ  տակտիկական առումով հետաքրքիր դրվագներ եղան:

Կարելի է առանձնացնել Դավիթ Մկրտչյանին, Տարոն Նիկողոսյանին, Ավետ Դավթյանին, երիտասարդներ Վահե Վիրաբյանին, Խաչիկ Շարյանին, Ալեքս Արամայիսյանին, Ռուբեն Ավետիսյանին, Վազգեն Ոսկանյանին, պատանիներ Արթուր Վալերջյանին,Նարեկ Դավթյանին, Վաչագան Գոլեցյանին,աղջիկներից ՝  Սվետլանա Մկրտչյանին, Սաթենիկ Ղազարյանին . . .

Մեծահասակների հավաքականը կկազմավորվի ամռանը նախատեսված խճուղային հեծանվավաքի առաջնությունից հետո:

Առաջիկայում լուրջ ստուգատեսների պետք է մասնակցի երիտասարդական թիմը: Ավագ մարզիչ Անդրանիկ Առուստամյանի և մարզիչ Սամվել Վարդազարյանի գլխավորությամբ հավաքականը  Սանկտ Պետերբուրգում կմասնակցի մայիսի 25 –ին սկսվող միջազգային խոշոր մրցաշարին: Այնուհետև թիմը կնախապատրաստվի Հոլանդիայի Ապելդորն քաղաքում օգոստոսին կայանալիք Եվրոպայի և սեպտեմբերին ՝ Եգիպտոսում նշանակված աշխարհի առաջնություններին:

 

 

Այլ նորություններ