Վաղը ՝ օգոստոսի 26-ին, Ռեյկյավիկում կսկսվի տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Խաղասեղանների շուրջ կնստեն 36 երկրների 180 վարպետներ: Նրանցից 72 –ը կրում են գրոսմայստերի բարձրագույն կոչում: Մրցակարգը շվեյցարական է, իսկ մրցանակային հմնադրամը 100 հազար եվրո է:
Մասնակիցները դասական շախմատի 11 փուլում, միմյանց հետ պայքարում, կորոշեն հին աշխարհամասի մրցանակակիր լավագույն եռյակին և, բացի այդ, կաշխատեն տեղ զբաղեցնել առաջին 23 շախմատիստների շարքում և ստանալ աշխարհի գավաթի խաղարկության մասնակցի իրավունք:
Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հուսանք, որ մեր հնգյակը հաջողության կհասնի և, ինչպես օրեր առաջ Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը նվաճած մեր շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, նրանք նույնպես պարզճակատ կվերդառնան հայրենիք:
Առաջնությունը եզրագիծը կհատի սեպտեմբերի 5 –ին: