ՀՀ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

10:07 - 16 Նոյ, 2021

Հայաստանի սուսերամարտի գավաթի խաղարկությանը մասնակցեցին Երևանում , Վանաձորում և Գյումրիում գործող յոթ մարզօջախների 82 մարզիկ-մարզուհիներ:

Դիտարժան մենամարտեր շատ եղան: Նշենք  թեկուզ խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանի և Գրիգոր Մնացականյանի միջև տեղի ունեցած եզրափակիչ մենամարտը: Նրանք Նորագավիթի մասնագիտացված մարզադպրոցի սաներ են և միմյանց նկատմամբ շատ հաղթանակներ են տարել պաշտոնական մրցումներում: Մարզընկերների միջև արտասովոր լարված ու դիտարժան հանդիպում ծավալվեց նաև գավաթի վճռական մրցակցությունում: Այս անգամ բախտը ժպտաց Ալիկին, որը միավորների  նվազագույն տարբերությամբ  /15 : 14  / հաղթեց մարզընկերոջը և դարձավ գավաթակիր:

Նույն ՝ խոցասուսեր մրցաձևի կանանց մրցաշարում Ալիկի կրտսեր քույրը՝ 12 –ամյա Անահիտը գրավեց երկրորդ տեղը, թեև նրա նկատմամբ բացահայատ առավելության հասավ  / 15 : 6 / փորձառու Էմմա Պողոսովան:

Գավաթակիրներ դարձան նաև թրասուսերակիր, գյումրեցի Արմեն Խալաչյանը, որը վճռական փուլում հաղթեց իր համաքաղաքացի Վահան Նազարեթյանին՝ 15 : 11, երևանցի   ճկասուսերակիրներ Համլետ  Մխոյանը / նա հաղթեց Գրիգոր Պապոյանին ՝ 15  : 6 /  և Աիդա Ալոյանը, որն ընդամենը մեկ միավորի առավելությամբ հաղթեց   Երևանի Ամերիկյան համալսարանի դասախոս . . . անգլուհի  Սիմոնե Ֆիլիպեին:

Ի դեպ, կազմակերպիչները շնորհակալական ջերմ խոսքեր ուղղեցին մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի թիվ 5 մշակույթի տան / Նորագավիթի /  աշխատակազմին: Այդ կառույցի ղեկավարությունը / տնօրեն ՝ Գառնիկ Շիրինյան / սիրով համաձայնեց դահլիճը տրամադրել եզրափակիչի մասնակիցներին: Դա գոհացրեց նաև բոլոր նստելատեղերը զբաղեցրած մարզասերներին, որոնք համակ ուշադրությամբ հետևեցին բեմահարթակի մարտուղյակում ծավալված վճռական մրցամարտերի ընթացքին:

Այլ նորություններ