Մարզական բախտը երես է թեքում շնորհալի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանից: Արդեն որերորդ անգամ նրան դավաճանում են վնասվածքները: Ահավասիկ, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունը:
89 կգ քաշայինների պայքարի պոկում վարժությունը գերազանց սկսեց և ավարտեց էջմիածինցի վարպետը: Նա գլխավերևում պահեց 175 կգ կշռող ծանրաձողը, չորս կիլոգրամով առաջ անցավ իրեն հետապնդող վրացի Ռևազ Դավիթաձեից և արժանացավ ոսկե մեդալի:
Հրում վարժությունը Անդրանիկը սկսեց 196 կգ –ով: Առաջին մոտեցմամբ նա հեշտությամբ գլխավերև հանեց ծանրաձողը, բայց պահել, ավաղ, նրան չհաջողվեց: Նման մոտեցումը զարմացրեց: Թվաց, թե հայ մարտիկը ընդհանրապես չպայքարեց: Երկրորդ փորձի ժամանակ հասկացանք, որ ձախողակը ազդրի վնասվածք էր ստացել ու թեև բժիշկները ընդմիջմանը << աշխատեցին >> , բայց լիովին ցավազրկել նրանց չհաջողվեց: Արդյունքում Անդրանիկը 0 ստացավ և բարձրագույն պարգևների արժանի մեր պատվիրակը զրկվեց երկամարտում աշխարհի առաջին ծանրորդը լինելու պատվից:
Դեկտեմբերի 14 –ին մրցման կելնեն Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը / երկուսն էլ ՝ 96 կգ /: