Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, վաստակավոր մարզիչ Մելիք Սանդրոսյանը զրույցի ժամանակ ասաց, որ հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցաշարեր են նախատեսված առաջիկայում:
Տևական ընդմիջումից հետո << Լիոնի գավաթ >> անվանումով միջազգային մրցաշար կանցկացվի հունիսին: Մասնակիցներն իրենց հարաբերությունները կորոշեն Վարդավառի այգու լճում: Ջրուղիներում պայքարի կբռնվեն բայդարկա և կանոէ մարզաձևերի ներկայացուցիչները: Նրանք կմրցեն 200մ և 2000մ տարածություններում: Նախնական հայտերին առայժմ արձագանքել են Վրաստանի , Իրանի և Ռուսաստանի Դաշնության գործընկերները:
Հայաստանի մարզիկների մասնակցությամբ արտագնա առաջին մրցաշարը տեղի կունենա Իտալիայի Սաբաուդա քաղաքում: Այնտեղ մայիսի 18 – 19 -ին իրենց հարաբերությունները կորոշեն Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները:
Ակադեմիական թիավարության մեր պատվիրակները միջազգային երկու մրցաշարերի կգործուղվեն: Նրանց Մոսկվան կհուրընկալի հունիսին, իսկ երկրորդ միջոցառման մրցավայրը դեռևս անհայտ է:
Մեր երկիրը չորս թիավար կներկայացնի հուլիսի 28 – 31 –ը Հունգարիայի Ցեգետ քաղաքում կայանալիք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Դեռևս հայտնի չեն Եվրոպայի բայադարկա և կանոէ մարզաձևերի առաջնության վայրը և ժամկետները:
Հաստատուն են Վրաստանում նշանակված մրցումների վայրերն ու ժամկետները: Մեր մարզիկները կմասնակցեն սեպտեմբերին Բաթումում, իսկ հոկտեմբերին Մցխեթում ավանդաբար անցկացվող միջազգային մրցաշարերին:
Տեղի կունենան նաև մեր ներքին միջոցառումները: Դրանք թվով վեցն են և տեղի կունենան համապատասխան ժամկետներում:
Ընդհանրապես Հայաստանում թիավարության երկու դպրոց է գործում / Երևանում և Սևանում /: Դրանցում պարապում են շուրջ 300 մարզիկներ: Մայրաքաղաքի հաստատությունը մասնաճյուղեր ունի Էջմիածնում, Հրազդանում, Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի այգու լճում և մարզօջախին հարակից Երևանյան լճում: Նշած մասնաճյուղերում, և, իհարկե Սևան քաղաքի մարզադպրոցում նպատակային աշխատանքներ են տարվում: Ավելին, Սևանի հատկապես կանոիստները մշտապես առաջնակարգ դիրքեր են զբաղեցնում Հայաստանի առաջնություններում: