Վլադիկավկազում մայիսի 22 –ից հունիսի 2 –ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանի ձյուդոյի հավաքականը: Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանից տեղեկացանք, որ թիմում ընդգրկված է ութ մարզիկ: Նպատակը Թբիլիսիում հունիսի երեքին և Մոնղոլիայի Ուլան Բատորում հունիսի 15 –ին մեկնարկելիք միջազգային խոշոր մրցաշարերին մասնակցելն է: Դեռևս պարզ չէ, թե մեր ձյուդոիստներից ովքեր հանդես կգան նշած մրցումներում: Բանն այն է, որ մի քանիսը վնասվածքներ ունեն և մարզումներին զուգահեռ պետք է բուժում ստանան:
Հատկանշական է այն, որ Ուլան Բատորից է սկսվում Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների ձեռք բերման պայքարը:
Կարևոր ստուգատեսի է նախապատրաստվում նաև Հայաստանի պատանեկան հավաքականը, որը վաղվանից մարզումներ կանցկացնի Գյումրիում: Այնուհետև տղաները նախապատրաստական աշխատանքները կշարունակեն Վրաստանի Գորիում: Այնտեղից նրանք կմեկնեն Խորվաթիայի Պորեկ քաղաք, որտեղ կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը: