ՀՈՒՅՍԻ ՆՈՐ ԱԼԻՔ ՄԵՐ ԲԱՍԿԵՏԲՈԼՈՒՄ

16:07 - 21 Հուն, 2022

Վերջին տարիներին Հայաստանի բասկետբոլը հաստատուն քայլերով վերելք է ապրում: Բարձրացել է թիմերի խաղամակարդակը, դիտարժան են դարձել ներքին առաջնությունների օրացուցային հանդիպումները և, բնական է, առաջընթացին համապատասխան՝  խաղերի նկատմամբ մեծացել է մարզասերների հետաքրքրությունն ու հաճախելիությունը:

Եվ ահա հաջողության հույսի նոր ալիք է բարձրացել:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, մարզաձևի համաշխարհային օրրան ամերիկյան դպրոցի հանրահայտ ներկայացուցիչներից,  հայազգի մասնագետի է հրավիրել գլխավորելու տղամարդկանց մեր ընտրանին:  

Նա Ռեքս Քալամյանն է, ով « Դեթրոյթ Փիսթոնսի » մարզչական խորհրդի անդամ  է  և ավելի քան երեք տասնամյակ  աշխատել է NBA-ում: Անվանի մասնագետը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Հավաքականի խաղացողները ներգրավված են ակտիվ պարապմունքներում: Տղաներն աշխատում են նվիրվածությամբ, անտրտունջ կատարում են մարզչի առաջադրանքները և դրանից կարծես հաճույք են ստանում: Համենայնդեպս,  գուլիվերներն իրենք են  այդպես ասել ՝  այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Գլխավոր մարզիչը, թիմ վերադարձած ամերիկահայ Անդրե – Սփայթ Մկրտչյանը և Ալբերտ Թադևոսյանը նշել են, որ NBA-ի ոճով են ընթանում աշխատանքները: Պետք է այնպես անել , որ հայկական բասկետբոլը հավասարվի համաշխարհային չափանիշներին:

Թիմում խոսակցական լեզուն հայերենն է , թեև երբեմն, հասկանալի պատճառներով,  «  լեզվի սայթաքումներ  »  են լինում:

Հիմնական դերակատարները շատ են ցանկանում, որ գեղեցիկ խաղ ցուցադրեն հունիսի 23 –ին Երևանում մեկնարկող SADA CUP միջազգային մրցաշարում, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ Մալթայում:

Ընդհանուր համապատկերում իրեն բնորոշ զսպվածություն է դրսևորում Հրաչյա Ռոստոմյանի ղեկավարած Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի  աշխատակազմը: Նախնական գուշակություն չի արվում, քաջ գիտակցելով, որ դա անշնորհակալ գործ է: Ուստի հարկ է զինվել համբերությամբ ու հաջող ընթացք մաղթել մեզանում այնքան սիրելի բասկետբոլին:

 

Այլ նորություններ