Եվրոպայի առաջնությունում ինքս ինձ նման չէի. Միհրան Հարությունյան

12:20 - 16 Մար, 2016

Առաջին Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց Եվրոպայի առաջնությունում իր ձախողման պատճառների և հետագա անելիքների մասին:

-Միհրան, ի՞նչը քեզ խանգարեց լավ ելույթ ունենալ Եվրոպայի առաջնությունում: Մրցագորգում դու քեզ նման չէիր:

-Առաջին հերթին ես կորցրել էի իմ ներքին հավասարակշռությունը: Չէի կարողանում ստիպել օրգանիզմիս «միանալ»: Մրցագորգում ես միայն ֆիզիկապես էի ներկա: Ես այնտեղ էի, լսում և տեսնում էի ամեն ինչ, սակայն ինքս ինձ նման չէի և ոչինչ չէի կարողանում անել: Երբ ինձ չորեքթաթ դրություն տվեցին, ես հասկանում էի, թե ինչ է ցանկանում անել մրցակիցս, սակայն քարացել էի: Ես լսում էի, թե ինչ հուշումներ էր տալիս հավաքականի գլխավոր մարզիչը: Նա շատ ճիշտ ուղղություն էր տալիս ինձ, ցավոք ես չկարողացա կատարել նրա հրահանգները:

-Խոսակցություններ կային, որ դու վնասվածքով ես մեկնել Ռիգա: Դա համապատասխանո՞ւմ էր իրականությանը:

-Ինչ վերաբերում է մեջքիս վնասվածքին, որը ես ստացել էի վերջին հավաքի ժամանակ, այն ինձ այդքան չէր խանգարում, որքան ձեռքիս վնասվածքը: Ես երկու ձեռքերով էլ գրեթե չէի կարողանում աշխատել: Շատ երկար ժամանակ փորձում էի վերականգնվել այդ վնասվածքից, փորձել եմ բուժման տարբեր մեթոդներ, որպեսզի հասցնեմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը, սակայն չհասցրի ամբողջովին վերականգնվել: Կարծում եմ՝ այժմ վիրահատական միջամտություն հարկավոր կլինի: Սակայն այս ամենը թող չհնչի որպես արդարացում: Ես պետք է ամեն պարագայում լավ հանդես գայի: Հաղթանակներն ու պարտությունները սպորտի և կյանքի անբաժանելի մասն են: Խոստանում եմ, ես դեռ նշանակալի ավանդ կունենամ՝ ի պատիվ իմ հայրենիքի:

-Ի՞նչ ծրագրեր ունես մինչև Օլիմպիական խաղերը:

-Այս պահին ես պետք է մենակ մնամ և ընտանիքիս հետ: Նրանք միակն են, ովքեր չեն փոխում իրենց վերաբերմունքը իմ նկատմամբ՝ անկախ իմ արդյունքների: Ես դաս կքաղեմ այս պարտությունից: Կվերլուծեմ ելույթներս և կշարունակեմ նախապատրաստվել: Մինչև Ռիոյի խաղերը կմասնակցեմ մի քանի մրցաշարի: Այժմ ծրագրում եմ մարտի 17-ին գնալ բուժզննման:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում Հայաստանից և բոլոր նրանցից, ովքեր հավատում և երկրպագում էին ինձ: Շնորհավորում եմ մեր թիմին, Եվրոպայի առաջնության արդյունքների կապակցությամբ: Ցանկանում եմ հաջողություն և  նորանոր հաղթանակներ: Շնորհակալություն:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ