Ընթացիկ մրցաշրջանը արգասաբեր է հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանի համար: Նա դարձավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երրորդ մրցանակակիր, իսկ երեկ Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում նվաճեց մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության հաղթողի կոչումը:
Հաջողություններն առավելապես գոհացնող են այն բանի համար, որ երևանցին ընթացիկ մրցաշրջանում փոխել, ավելի բարձր ՝ իր համար անսովոր քաշային կարգ է տեղափոխվել ու հաճելիորեն զարմացնում է հաղթանակներով:
Դժվարին պայքարում է նա միավորներ վաստակում: Բանն այն է, որ մրցակիցներն ավելորդ կիլոգրամներ բեռնաթափելով են մտնում ասպարեզ , իսկ մեր վարպետը << քաշ է ավելացնում >> : Այդ պարագայում հաղթելը հիրավի հերոսություն է : Եռանդուն գործողություններով ու հաղթական քայլերով Մալխասը հաստատվում է նոր ՝ 77 քաշային կարգում:
Խոսենք փաստերով: Հենց մեկնարկում մրցեց իրանցի Մոհամադ Ռեզա Մոխթարիի հետ: Գոտեմարտն ավարտվեց 1 : 1 հաշվով: Բայց հաղթանակը տրվեց հայաստանցուն, քանզի նա առաջինը մրցավարից նկատողություն ստացավ: Արդեն լիովին հասկանալի է դառնում թե ինչպիսի լարված ու դժվարին պայքար է մղել մեր ըմբիշը:
1/ 8 եզրափակիչում Մալխասը հաղթել է մեքսիկացի Էմանուել Կաստրոյին / 3 : 0 /, 1 / 4 –ում ՝ ղըրղզ Ակիլբեկ Տալանբեկովին / 2 : 1 /, կիսաեզրափակիչում ՝ ճապոնացի Նաո Կասակային / 9 : 5 /, իսկ եզրափակիչում ՝ մոլդավացի Ալեքսանդր Գուտոյին / 7 : 2 /:
Հակիրճ անդրադառնանք ճապոնացու հետ կայացած հանդիպմանը: Առաջին կեսում հաղթեց մրցակիցը ՝ 5 : 0: Բայց իրականությունը կարծես չմտահգեց Ամոյանին: Նա ընդմիջումից հետո գործի դրեց իր հնարքների հարուստ զինանոցը, բազմաբովանդակ գրոհներով ինը միավոր շահեց, ոչ մի միավոր չկորցրեց և հաղթեց 9 : 5 հաշվով: Պետք է զարմանալ և հիանալ. որպիսի բարոյակամային հատկանիշներ և անկոտրում կամք ունի Մալխաս Ամոյանը:
Աշխարհի չեմպիոնը լավագույն որակներով հիշեցնում է իր անվանի ակումբակից, մրցագորգի արքա, անկրկնելի Բենուր Փաշայանին: Դինամոյական այդ մեծությունից ենք առաջին անգամ լսել պատանի Մալխասի մասին, որ մեզանում աճում է նոր ծագող աստղ:
Իսկ մենք, ինչպես մասնագետներն են նշում , ցանկանում ենք , որ Մալխասը նպատակային մարզումներով զարգացնի, հզորացնի մկանախմբերը և դրանց հաշվին անհրաժեշտ կիլոգրամներով ավելացնի անձնական քաշը:
Իսպանիայից արծաթե պարգևով տուն կվերադառնա մեր մեկ այլ շնորհալի ըմբիշ՝ Գևորգ Թադևոսյանը / 87 կգ /: Նա ոսկու համար մղված գոտեմարտը միավորների փոքր տարբերությամբ / 4 : 7 / տանուլ տվեց հունգար Իշտվան Տակաչին:
Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Հրաչյա Պողոսյանը / 63 կգ /: Ի դեպ, բրոնզե մեդալի համար այսօր մրցագորգ կելնի նաև Սահակ Հովհաննիսյանը / 67 կգ /:
ՀՀ վաստակավոր մարզիչ, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, նրա օգնականները, ըմբիշների անձնական մարզիչները նպատակային աշխատանքով լավ մարզավիճակի են հասցրել իրենց սաներին, որոնք գոհացնող մրցելույթներ ունեցան պաշտոնական հերթական ստուգատեսում:
Հուսադրող ելույթները հուշում են, որ տղաները կարող ուժ են և մեր երկիրը պատվով կներկայացնեն Փարիզի օլիմպիական խաղերում: