ՀԲՖ –ն հայտնում է, որ տեղի են ունեցել մարզչական նշանակումներ:
2023թ. ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլիստների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:
Արեգ Վաթյանը փորձառու մասնագետ է: Նրա գլխավորությամբ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ բազմիցս ելույթ են ունեցել միջազգային հարթակներում: 2017թ. գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների թիմը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն: Իսկ 2022թ. նրա գլխավորությամբ աղջիկների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում աշխատանքը կշարունակի Զորիկ Իսաջանին: Նա երկար տարիների մարզչական փորձ ունի: 2007-2009-ին եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015-ին՝ Գլենդել քոլեջի օգնական - մարզիչ: 2015թ. մինչև օրս Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատուն է։ 2022թ. նրա գլխավորությամբ տղաների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն: