ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է . . .

15:37 - 16 Հուն, 2023

Մայրաքաղաքի Օլիմպավանում մրցաշրջանի ուսումնամարզական երկշաբաթյա  առաջին հավաքը այսօր սկսեց Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի թիմը:

Մարզումներում ընդգրկված են  18 հերկուլեսներ: Նրանք են՝ էջմիածինցիներ Սիմոն Մարտիրոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը,Կարեն Մարգարյանը, գյումրեցիներ Ռաֆիկ Հարությունյանը, Հակոբ Մկրտչյանը, Գառնիկ Չոլակյանը, Սամվել Գասպարյանը, Արա Աղանյանը, Յաշա Մինասյանը, Վարզադատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, արարատցի Պետրոս Պետրոսյանը, վեդեցիներ Գոռ Սահակյանը, Սուրեն Գրիգորյանը և քասախցի Արմեն Գրիգորյանը:

Մարզումային գործընթացը ղեկավարում է  գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:   

Թիմի երկրորդ մարզիչն է մոտ անցյալի նշանավոր ծանրորդ, գյումրեցի Հակոբ Փիլոսյանը, իսկ մերսող – բժիշկը ՝ երևանցի Գոռ Դեմուրչյանը:

Դժվարին և պատասխանատու աշխատանք պետք է կատարի համակազմը:

- Ծանրաբեռնված է լինելու  մեր աշխատանքային առօրյան, - զրույցի ժամանակ ասաց բազմափորձ Փաշիկ Ալավերդյանը: - Առավելապես կարևորում ենք ապրիլի 15 –ին հայոց մայրաքաղաքում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունը: Մեր ծանրորդների  մրցելույթների համար մեծ պատասխանատվություն ենք կրելու մարզասերների առջև, քանզի նրանք են մեր  հիմնական քննադատները, թիմի նախապատրաստական ամբողջ ընթացքը գնահատողները: Նշանակում է մարզումներում ուշադրության կենտրոնում պետք է պահենք տղաների հետ տարվող անհատական աշխատանքները . . .

Առաջին միասնական պարապմունքներին կհաջորդեն նպատակային ևս մի քանի միջոցառումներ, որոնք պետք է նպաստեն  հաջողությանը ինչպես  հին աշխարհամասի, այնպես էլ՝ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնություններում: Դրանցում լավ հանդես գալը չափազանց կարևոր է օլիմպիական միավորներ վաստակելու առումով:

 

Այլ նորություններ