ՀՖՖ –ն տարածել է հետևյալ հաղորդագրությունը. « Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որում մրցում են նախորդ մրցաշրջանի չեմպիոնը և գավաթակիրը, սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին:
Դեռևս մինչև 2022/2023 մրցաշրջանի մեկնարկը «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց գոյությունը:
2022 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր ՈՒԵՖԱ Եվրոպայի Ազգերի Լիգայի հերթական հանդիպումը՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հետևաբար, Սուպերգավաթի հանդիպման անցկացումն այդ օրը հնարավոր չէր:
Պայմանավորված եվրագավաթային ելույթներով՝ «Փյունիկի» գրաֆիկը չափազանց խիտ էր, ինչի պատճառով Սուպերգավաթի հանդիպման անցկացումը հնարավոր չեղավ նաև Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի աշնանային հատվածում:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաև, հիմնվելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կազմակերպման և անցկացման կանոնակարգի 6.09 կետի վրա, ՀՖՖ-ն կայացրել է հատուկ որոշում. չանցկացնել Սուպերգավաթի 2022 թ. հանդիպումը և մրցանակը շնորհել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին:
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին կշնորհվի Fastex Պրեմիեր Լիգայի՝ փետրվարի 24-ին կայանալիք «Վան» - «Փյունիկ» հանդիպումից առաջ »: